«Ինչո՞ւ մի կառուցողական առաջարկություն չարեցիք, որ մեր երկու գործընկերներն օգտվեին նույն հնարավորությունից»․ Արթուր Խաչատրյանը՝ Բաբկեն Թունյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը այսօր իր ելույթում նշեց, որ ընդունում է ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանի կառուցողականության առաջարկը, բայց առաջարկեց հասկանալ կառուցողականության ձևի և գործի տարբերությունը:

«Մենք ունեցանք ԱԺ նախագահի 3 թեկնածու: Ալեն Սիմոնյանն ուներ բոլոր հնարավորությունները՝ ելույթ ունենալ, հարցերին պատասխանել: Մեր երկու գործընկերներն այդ հնարավորությունից զրկված էին: Ինչո՞ւ մի կառուցողական առաջարկություն չարեցիք, որ մեր երկու գործընկերներն օգտվեին նույն հնարավորությունից: Օրինակ՝ դատախազությանը կանչեինք՝ հարցնեինք՝ հնարավո՞ր չէ, որ այդ մարդիկ գային, խոսեին ու գնային»,-ասաց նա:

Անդրադառնալով պողպատե մանդատին՝ նա հարցրեց՝ մինչև 2021 թվականի հունիսի 20-ը ՀՀ-ում օրենքի դիկտատուրա չէ՞ր գործում, օրենքը կամայակա՞ն էր կիրառվում: «Ինչ է նշանակում այն ժամանակ ունեիք թավշյա մանդատ»,- ասաց Խաչատրյանը:

Նա շեշտեց՝ իշխանությունն ուներ օրենքով նախատեսված բոլոր իրավունքները՝ կանխելու ցանկացած հանցագործություն և բացահայտելու նախկինում կատարված ցանկացած հանցագործություն: «Հիմա, որ ասում էիք գեներալներ են եղել, որ գողացել են, թալանել են, բանակն անպաշտպան է եղել, բա մեկին բռնեիք, ասեիք՝ ժողովուրդը ձեզ մանդատ է տվել՝ թեև թաշվյա: Ո՞վ էր ձեզ խանգարում»,-հարցրեց պատգամավորը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով կառուցողականության մասին մտքին՝ հարցրեց՝ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ ընդդիմության առաջարկը կառուցողակա՞ն էր: «Դրա կառուցողականը ո՞րն էր: Ենթադրենք դատախազը գալիս էր այստեղ և ասում էր՝ այո կամ ոչ, դրանից ձեր նշած իրավիճակը լուծվո՞ւմ էր: Դուք ուղղակի ձեզ համար արդարացում էիք ստեղծում այստեղ գործունեություն ծավալելու համար՝ ձեր ընկերների առջև, որպեսզի ցույց տայիք, որ դուք, այնուամենայնիվ, պրոցեսը շարունակում եք: Այսինքն՝ լուծումն այն էր, որ դատախազը գար, այստեղ ասեր՝ ոչ, չե՞ն կարող գալ: Դա ընդհանրապես կառուցողական չէր: Հիմա ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեք առաջարկում ձեր գործընկերներին: Կարող է մենք ընտրում էինք, և ելույթի առիթ չէր լինում»,-ասաց Սիմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս