«Թուրքերը գալու են տնտեսական ճնշման ենթարկեն մեզ, անշարժ գույք գնեն». Սեյրան Օհանյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարած հաղթանակից հետո մեր իշխանությունները կարծես գտնվում են ճնշման և պարտադրանքի ներքո և որդեգրել են հետնահանջի քաղաքականությունը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման մասին Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարությանը:
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները կարծում են, որ ապաշրջափակումը տնտեսական և այլ առումներով օգուտ է լինելու Հայաստանի Հանրապետությանը, սակայն իրենց տեսակետն այլ է.
«Նախևառաջ՝ մենք պետք է հասկանանք հետևյալը, որ խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ այլ նպատակներ են ունեցել և նախապատրաստվել են ապագա սադրանքների, եթե նույնիսկ լինի իրական սահմանազատում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ քարի, մահակի և այլ խոշոր սադրանքների, լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությունն իջնում է: Այդ իրականության մեջ մենք դելիմիտացիա, դեմարկացիա անելու պայմաններ չունենք, եթե այդ պայմանները չունենք, մենք չպետք է արագ տեմպերով գնանք դրան… Այս պայմաններում ճանապարհների շրջափակումը բերելու է մեր երկիրը, հատկապես՝ Սյունիքի հատվածը, տնտեսական մեծ ճնշման, և այդ հատվածում հակառակորդը փոխելու է մեր ժողովրդագրական պատկերը, պարզ ասած՝ թուրքերը գալու են տնտեսական ճնշման ենթարկեն մեզ, մեր համերկրացիների կամ ուրիշների անուններով գնեն անշարժ գույք և այլն, դա մեզ ոչ մի օգուտ չի տալու…»:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Արշակ Կարապետյանին Պաշտպանության նախարար նշանակելու որոշումը, երբ նրան աշխատանքից հեռացրել էին 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո՝ հետախուզության թերացումից հետո, Սեյրան Օհանյանը պատասխանեց.
«Ես գտնում եմ, որ կադրային քաղաքականությունը վարում է ժամանակի իշխանությունը, և ես չեմ կարող ընթերցել, թե ինչ մտադրություններ ունեն իշխանությունները, այդ հարցը կարող եք տալ իշխանություններին…»:
Ճշտող հարցին՝ 2016 թվականին հետախուզությունը թերացե՞լ է, թե՞ ոչ, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ 2016 թվականին ռազմավարական և օպերատիվ մարտավարական մակարդակում հետախուզության հետ կապված խնդիրներ չենք ունեցել:
Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև իր և իր որդու դեմ շահարկումներին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում