Առուշ Առուշանյանի գործով մակագրումն իրականացվել է ձեռքով, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկեց Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի նկատմամբ Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման դեմ Առուշանյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ վերջիններս դատարանին ինքնաբացարկ են հայտնել՝ պայմանավորված գործի մակագրման հանգամանքով:
«Գագիկ Ջհանգիրյանը, ի պատասխան լրագրողների հարցին՝ համակարգիչների առգրավման հետ կապված, փաստացի հաստատեց, որ Վերաքննիչ քրեական դատարանում նույնպես բողոքների մակագրությունն իրականացնող համակարգիչն առգրավվել է, ինչ-ինչ պատճառներով, քրեական գործ է հարուցվել և այլն: Այդ հարցի համատեքստում որոշակի պարզաբանումներ ես պահանջեցի դատարանից, և դատարանը փաստացի նաև հաստատեց այդ տեղեկատվությունը, որ, այո, տեղի է ունեցել Վերաքննիչ քրեական դատարանի սերվերի առգրավումը, ինչը հետագայում հնարավորություն է ստեղծել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի կողմից ձեռքով մակագրություն իրականացնելու տեսանկյունից: Հաջորդեց հետևյալ հարցը, թե արդյո՞ք նախագահող դատավորը փորձել է պարզել հենց կոնկրետ դատարանի նախագահից, թե ինչ սկզբունքով է հենց ինքն ընտրվել որպես սույն բողոքով նախագահող դատավոր: Դատարանը մեզ բավարարող պատասխան դրա վերաբերյալ չտվեց, ավելի շուտ ասեց, որ նմանատիպ հարց դատարանի նախագահի հետ չի քննարկել և առհասարակ այս գործը որևէ մեկի հետ չի քննարկել: Ճիշտն ասած, այս պատասխանները ինձ համար բավարար էին, որպեսզի ես ինքնաբացարկի միջնորդություն դատարանին ներկայացնեի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Փաստաբանը նաև վստահություն հայտնեց, որ իրենց ներկայացրած միջնորդությունը դատարանը կմերժի, և հայտնեց, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել գործի քննությանը: Ալեքսանյանի խոսքով՝ իրենց բողոքը ևս մերժվելու է դատարանի կողմից:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին 168.am-ը գրել էր, որ ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանում և պատրաստվում են առգրավել գործերի մակագրման համար նախատեսված համակարգիչը: Հենց դատական համակարգից ստացած տեղեկություններով ավտոմատ մակագրում կատարող համակարգչի առգրավման նպատակը Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ վերաքննիչ բողոքների մակագրությունն առանց համակարգչի կազմակերպելն է: Այդ կերպ վերջերս Վազգեն Ռշտունու փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից ընտրված Տիգրան Սահակյանն այդ բողոքները կարող է մակագրել ցանկալի վերահսկելի դատավորների:
Հիշեցնենք նաև, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»: