«Շարլ Ազնավուրն իմ ընկերն է, և նա երբեք չի ասել, որ ինձ այսքան գնահատում և սիրում են Հայաստանում». Ալեն Դելոն (լուսանկարներ)
«Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմը պատմում է նոր պատմությունների, հերոսների արկածների, նրանց զգացմունքների նմանության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ֆիլմի հեղինակները:
Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում և Ֆրանսիայում՝ «Enjoy movies» և AP cinema կինոընկերությունների կողմից: Ֆլիմի պրոդյուսերներն են Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Վալերի Սահարյանը և Վլադիմիր Պոլյակովը: «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կինոալմանախը հանդիսատեսի մեծ համակրանքը վայելած «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է: Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր (Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչև, Կլիմ Պոպլավսկի):
Ֆիլմի բյուջեն կազմել է 6 միլիոն դոլար (ներառյալ գովազդային-մարքետինգային ծախսերը), իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար:
Ալեն Դելոնն ու ֆիլմի ստեղծագործական խումբն այսօր ժամանել է Երևան՝ ներկա գտնվելու «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային: Վաղը՝ Մոսկվայում ևս կկայանա ֆիլմի պրեմիերան, որին ևս ստեղծագործական կազմը ներկա կգտնվի:
Հարցին, թե ի՞նչ զգացողություններ ունեք՝ լինելով Հայասանում, Ալեն Դելոնը պատասխանել է. «Ես երեկ եմ միայն եկել, առաջին անգամ կյանքում Հայաստանում եմ և քիչ առաջ ես ասացի նախագահին, որ ես չէի մտածում, որ Հայաստանում ինձ այդքան գնահատում են: Ես չգիտեի, այդ մասին ես այսօր իմացա»:
Նրա խոսքով՝ ինքն Շարլ Ազնավուրն իր ընկերն է, սակայն երբեք իրեն չի ասել, որ Հայաստանում իրեն այսպես սիրում են:
«Շարլ Ազնավուրն իմ ընկերն է, և նա երբեք չի ասել, որ ինձ այսքան գնահատում և սիրում են Հայաստանում»,- ասաց Ալեն Դելոնը: