«Ջան ախպերս» կամ Давай, до свидания
Հայաստանում ժողովրդավարության վիճակի գնահատականը պետք է փնտրել ոչ թե եվրոպական կառույցների զեկույցներում ու հայտարարություններում, այլ երկրում ամենօրյա ռեժիմով կատարվող գործընթացների մեջ: Այդ դեպքում ակնհայտ է դառնում` որքան արտաքին աշխարհի համար Հայաստանի ժողովրդավարության ատրիբուտները ավելի շատ են «ողջունվում» , այնքան ժողովրդավարությունը հետընթաց է ապրում բովանդակային առումով:
Երեկ Ազգային Ժողովում տեղի ունեցածը դրա վառ ապացույցներից մեկն էր: Իշխանությունը` առանց ձևականությունների հետևից ընկնելու «չորով» որոշել է ընդդիմությանը զրկել իրականում խորհրդանշական գործառույթ ունեցող ԱԺ էթիկայի հանձնաժողովում ունեցած մեծամասնությունից: Այդ հանձնաժողովի գործունեությունը ռեալ որևէ արդյունք չուներ, դրա նշանակությունը միայն բարոյական էր: Լավագույն դեպքում հանձնաժողովը նիստեր էր գումարում, հայտարարության տեքստ ընդունում, որը Նիկոլ Փաշինյանն ընթերցում էր ԱԺ ամբիոնից: Եվ վերջ:
Հանձնաժողովի ընդունած որևէ հայտարարություն որևէ գործնական նշանակություն չուներ և չէր ունենալու այն պարզ պատճառով, որ Հայաստանում բոլորը, ինչպես անցած օրերին պարզվեց` նաև ընդդիմությունը, բառի բուն իմաստով թքած ունեն հասարակական կարծիքի վրա: Իսկ Էթիկայի հանձնաժողովի աշխատանքի միակ արդյունքը հանրության համար այս կամ այն պատգամավորի հակաէթիկական կերպարը բացահայտելն է, որը, ինչպես նշեցինք, Հայաստանում նշանակություն չունի: Քանի որ Հայաստանում պատգամավոր ընտրում է ոչ թե հասարակությունը, այլ իշխանությունը` որի հոգեկերտվածքին միանգմայն բավարարում են չորբուլախի սլենգով խոսող ու «թագավոր ախպոր համար կյանքը տվող տղերքը»: Էթիկայի հանձնաժողովն ընդամենը կարող էր ստվեր գեցել իշխանության և «ախպերների» ներդաշնակ համակեցությանը, ինչը այլևս տեղի չի ունենա:
Որքան էլ տարօրինակ հնչի, ընդդիմությունը պետք է ոչ թե դիմադրեր Էթիկայի հանձնաժողովը «վերցնելու» իշխանության քայլին, այլ իր պասիվությամբ աջակցեր դրան` ցույց տալու համար իրական ժողովրդավարության բացակայությունը : Բայց տպավորություն է ստացվում, որ ընդդիմությունը հանուն խորհրդարանական խորհրդանշական պաշտոնների նպաստում է ժողովրդավարության իմիտացիայի իշխանական քաղաքականությանը: Ընդդիմությունն ընդամենը պայքարում է խոսելու իր լրացուցիչ հարթակի համար, որը որևէ գործնական արդյունք չի կարող տալ:
Հայաստանում այսպես կոչված «ցուցափեղկային ժողովրդավարությունը» հասել է գրեթե կատարյալ մակարդակի: Այն դեպքում, երբ ժողովրդավարությունը` որպես որոշումների կայացման ինստիտուտ, զրոյական վիճակում է: Իշխանությունը խորհրդարանում ունի մեծամասնություն, կարողանում է և անկացնում է ցանկացած օրենսդրական նախաձեռնություն: Ընդդիմությունը դրա դեմ պայքարել և սեփական նախաձեռնությունները կյանքի կոչել չի կարող անգամ եթե իր շարքերում ընդգրկի լուսահոգի Չերչիլին, Ռուզվելտին ու Դը Գոլին: Այսինքն` իշխանության ամենակարևոր մարմնում` խորհրդարանում, ընդդիմության գործունեության արդյունավետությունը, օրենսդրական գործունեության արդյունավետությունը հավասար է զրոյի: Ու աբսուրդն այն է, որ դա որևէ կապ չունի ընդդիմության լավ կամ վատ, արդյունավետ կամ անարդյունավետ աշխատանքի հետ: Դա «հայկական ժողովրդավարաության առանձնահատկությունն է», որը եվրոպացիները ողջունում, բայց ինչպես իրենք են խոստանում, չեն կարողանում հասկանալ:
Ընդդիմությունը խորհրդարանում ունի միայն մեկ իրավունք` խոսքի ազատության իրավունք, և կարող է իշխանությանը քննադատել, ծաղրել, հեգնել, հայոհել սրտի ուզածի չափ: Բայց դա որևէ կերպ չի ազդում երկրում որոշումների կայացման գործընթացի վրա, ինչպես չի ազդում ցանկացած բակում ու թաղում հարյուր հազարավոր քաղաքացիների հայհոյհանքն` ուղղված հայրենի իշխանություններին: Եվ որքան ավելի բարձր ու հնչեղ է հայհոյում ընդդիմությունն իշխանությանը, այնքան վերջինիս վարկն ավելի է բարձրանում եվրոպական զանազան կառույցների ներկայացուցիչների տպավորություններում ու դրանց ազդեցության տակ գրվող «Հայաստանում ժողովրդավարության վիճակի մասին» զեկույցներում:
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ մայիսի 6-ի խորհրդարանական կեղծված ընտրություններում ընդդիմությունը` վերցնելով իրեն բաժին հանված մանդատները իրականում ընդամենը նպաստեց իշխանության լեգիտիմացմանը և ժողովրդավարության իմիտացիային: Ընդդիմությունն այդ մանդատներով ընդամենը ավելի հարմարավետ դարձրեց խոսելու իր ամբիոնը` իրական ժողովրդավարության կենտրոն դարձած Ազատության հրապարակը փոխարինելով նորակառույց պառլամենտի տաքուկ ու փափուկ աթռոռներով: Ու որքան էլ տարօրինակ հնչի` ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարության վիճակը հակադարձ համամետական է ոչ միայն իշխանությունների ոչ լեգիմությանը, այլ նաև ընդդիմադիրների կոմֆորտին:
Հիմա ընդդիմադիրներն օգտվում են նույն կոմֆորտից, ինչ իշխանությունները: Բայց վերջիններս` համարելով, որ ընդդիմությունն իրենց է պարտական այդ կոմֆորտի համար, չեն ցանկանում ենթարկվել համատեղ կոմֆորտը վայելելու` ընդդիմության թելադրանքին: Իշխանությունը «փակել» է Ազգային Ժողովը մոտավորապես այնպես, ինչպես փակում են ռեստորանները` հարսանիքներ ու կնունքներ անելու համար, բայց թույլ են տալիս, որ անկյունի մի սեղանին ոչ յուրաայինները «մի կտոր հաց ուտեն»: Հիմա իշխանությունն ուզում է ուրախանալ «Ջան ախպերս…» երգի հոգեթով հնչյունների ներքո, ընդդիմությունն էլ` փոխանակ «Давай до свидания» անելու, փորձում է բացատրել «Ռեքվիեմի» գեղագիտական արժեքն ու նշանակությունը: Դրա համար էլ իշխանության ամենակրթված ու ամենաքաղաքակրթված պատգամավոր Դավիթ Հարությունյանը հեղինակել է օրիանգիծ, որը կապահովի Վլեյի, Թաթուլի, Սպիտակցի Հայկոյի և մնացած հանրապետական նշանակության ստեղծագործողների երգերի անվրդով ունկնդրումն առաջիկա երեքուկես տարիներին: