«Պաժարնին 2 ավտոյով չի հասցնում ջուր բերի». Հրդեհ՝ Վեդիի աղբավայրում

Արարատի մարզի Վեդիից ոչ շատ հեռու գտնվող աղբավայրը նորից հայտնվել է կրակի ճիրաններում։  Ահազանգը տեսանյութով 168.am-ին է փոխանցել Վեդի քաղաքի  բնակիչը, որի այգիները տանող ճանապարհն անցնում է հենց այդ աղբավայրի մոտով։

Տեսանյութում հեղինակը նաև նկարագրում է հրդեհի պահին աղբավայրում տիրող իրավիճակը.

«Պաժարնին 2 հաշվարկով, 2 ավտոյով չեն հասցնում ջուր բերեն․․․ Ես էլ տրակտորը բերքով հանդերձ բերել-կանգնեցրել եմ ստեղ, չեմ կարում անցնեմ։ Միշտ այս կեղտոտ վիճակն է, ոչ մի բան չի երևում ծխից էն կողմ, ճանապարհը տեսանելիություն չունի»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչները նախորդ տարվա հուլիսին բողոքի ակցիա էին անցկացրել քաղաքից դեպի իրենց այգիներ տանող ճանապարհի հատվածում, որն արդեն մի քանի տարի աղբավայր է դարձել:

«Ամբողջ գյուղերը ծխի մեջ կորած են, ժողովուրդն անգամ դաշտի մեջ չեն կարողանում հող մշակել: Այս ծուխը խեղդում է, հայրս վատացել է, շտապօգնություն ենք կանչել, չի կարողացել գալ, ասում է՝ ո՞նց անեմ: Երեկոյան ժողովուրդը որ ուզում է դուրս գան հովին նստեն, չեն կարողանում, քանի որ ծուխը լցվում է քաղաքի մեջ, լվացք են փռում, ասում են՝ շան հոտ է գալիս լվացքից»,- 168.am-ի հետ զրույցում մոտ 1 տարի առաջ ասել էր Վեդիի բնակիչ Ավետիս Մարջանյանը։

Վեդիում դեռ նախորդ տարեվերջին պետք է շահագործվեր աղբի վերամշակման գործարանը, որից հետո այս հարցը մեկընդմիշտ պետք է փակվեր, սակայն աղբի վերամշակման գործարանի տնօրենն այս գարնանը հայտնեց, որ ինչ-ինչ պատճառներով գործընթացը հետաձգվել է, և, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին գործարանը կշահագործվի։ Ժողովուրդն էլ հույսով դեռ սպասում է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս