Բաժիններ՝

«Փափլիկը» ներկայացումն ընդգրկվել է Չեխովի փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագրում

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հունիսի 26-27-ը մասնակցել է Չեխովի անվան թատերական միջազգային 15-րդ հեղինակավոր փառատոնին Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ:

Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ երկու ամիս առաջ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Լավագույն ներկայացում» և մի քանի այլ անվանակարգում «Փափլիկը» բեմադրությունը միության կողմից առաջարկվել է Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին և անմիջապես ընդգրկվել է ծրագրում։

«Աննախադեպ հաջողությամբ ավարտվեցին ներկայացման երկօրյա ցուցադրությունները։ Փառատոնի տնօրեն Վալերի Շադրինը ներկայացումն ընդգրկեց այս տարվա սեպտեմբերին Վլադիվոստոկում կայանալիք փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագրում: Ուրախ ենք թատրոնի համար, շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նոր հաղթանակներ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

«Փափլիկը» պատմում է սուտ և իրական ազգասիրության, կեղծ և անկեղծ բարոյականության, դավաճանության մասին: Համազգային թատրոնի դերասաններն այդ ամենը մատուցում են նուրբ ու սուր հումորով, յուրօրինակ մեկնաբանությամբ, ժամանակակից լուծումներով և դերասանական գունեղ խաղով:

Բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է: Ներկայացման մեջ զբաղված են Վարշամ Գևորգյանը, Տաթև Ղազարյանը, Դավիթ Հակոբյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Արմինե Անդրեասյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սերգեյ Թովմասյանը, Մարիա Սեյրանյանը և Ստեփան Ղամբարյանը:

Ռեժիսորը Յուրի Կոստանյանն է, բեմի ձևավորումը և զգեստները՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի, երաժշտական ձևավորումը` Նարեկ Բաղդասարյանի:

Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս