Արյան հիվանդություններ ունեցողների 85 տոկոսն ապաքինվում է
ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոսքով՝ կենտրոնում արյան hիվանդություն ունեցող 4500 հիվանդ կա, որոնցից 1100-ը երեխաներ են:
«2010-ին մենք ունեցել ենք շուրջ 13.100 դիսպանսեր այցեր, 2011-ին այդ այցերը եղել են 13.500, իսկ արդեն այս տարի՝ 2012-ի ամիսների կտրվածքով, մենք ունենք շուրջ 14.000 դիսպանսեր այց: Հետևաբար, սա ցույց է տալիս, որ, ինչպես մարդիկ դիմում են բժիշկներին, այսինքն՝ այդ մարդկանց հասանելի է դարձել հիվանդանոց գալը, այնպես էլ որոշակի աճ կա հիվանդների, մասնավորապես՝ լեյկոզով և լիմֆոմաններով հիվանդացության աճ կա»,- ասաց արյունաբանական կենտրոնի տնօրենը:
Ըստ նրա`աշխարհի յոթ ամենաթանկ հիվանդություններից չորսն արյան հիվանդություններ են՝ սուր և քրոնիկական լեյկոզներ, հեմոֆիլիա. «Չնայած այս հիվանդությունների բուժումը գտնվում է պետական պատվերի շրջանակներում, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի շատ ֆոնդեր լինեն հիվանդների կողքին՝ այդ թանկարժեք բուժումը կազմակերպելու համար: Մենք այսօր ունենք 85 տոկոս առողջացման ցուցանիշները, որը բավական մեծ է՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ, և դա հիմնականում մեր բժշկական անձնակազմի քրտնաջան աշխատանքի արդյունքն է»:
Սմբատ Դաղբաշյանը նաև նշեց, որ կենտրոնն այսօր ունի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծման կարիք. «Հիվանդների 20-30 տոկոսն ունի փոխպատվաստման կարիք, և այս հիվանդները, ցավոք սրտի, այսօր մեկնում են արտերկիր և իրենց հույսը կապում են արտերկրի կլինիկաների հետ, սակայն այժմ կա ծրագիր Առողջապահության նախարարությունում, և առաջիկայում ստեղծվի փոխպատվաստման բաժանմունքը»: