Բաժիններ՝

Պարզվել է 52-ամյա կնոջ սպանության շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում Արտաշատ քաղաքի բնակչուհու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը երիտասարդը, մտնելով տուժողի տան խոհանոց, հարձակվել և իր աջ ու ձախ ձեռքերում առկա ծալովի դանակներով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում վերջինս ընկել է գետնին: Այնուհետև կինը փորձել է ոտքի կանգնել, սակայն երիտասարդը, հանցագործությունն ավարտին հասցնելու մտադրությամբ, դանակներով մի քանի անգամ կրկին հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, կտրել պարանոցը, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:

Նախաքննության ընթացքում երիտասարդը հարցաքննվել է և տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը հաշվառված է հոգեբույժի մոտ. վարույթն իրականացնող մարմինի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, և դատարանի որոշմամբ նա տեղափոխվել է համապատասխան բուժհաստատություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս