ՀԱԿ. ԲՀԿ-ն պոկվեց իշխանական բուրգից

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ըստ էության, չի քննադատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու որոշումը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը, ընդդիմադիր դաշինքը նախօրեին քաղաքական խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ «ընդհանրական մոտեցում» է ձևավորվել ԲՀԿ-ի կայացրած որոշման վերաբերյալ: Նշենք, որ այս մոտեցումը ՀԱԿ-ում ձևավորվել է երեկ տեղի ունեցած քաղխորհրդի նիստում և, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Արման Մուսինյանը, նիստին մասնակցած ՀԱԿ անդամները բոլորն էլ կողմն են եղել այդ դիրքորոշմանը, բացառությամբ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չորեքշաբթի հայտարարեց, որ չի մասնակցի նախագահական ընտրություններին, որից հետո ՀԱԿ-ը քաղխորհրդի նիստ հրավիրեց` քննարկելու «ստեղծված քաղաքական իրավիճակը»:

«Մենք ընդհանրական մոտեցում ձևավորեցինք։ Մոտեցումը հետևյլան էր, որ տեղի ունեցածի իմաստը մեկն է` «Բարգավաճ Հայաստանը» չեղյալ է հայտարարել Հանրապետականի հետ կնքած հուշագիրը, և դրանով իսկ իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից», – ասաց Մուսինյանը` հավելելով. – «Նաև կարող եմ ավելացնել, որ ԲՀԿ-ն մեզ նախապես տեղեկացրել էր իր որոշման մասին` բանակցային էթիկայից ելնելով»:

Մուսինյանը չմանրամասնեց, թե կոնկրետ երբ է ԲՀԿ-ն ՀԱԿ-ին տեղեկացրել իր որոշման մասին:

ՀԱԿ խոսնակը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի, ընդամենը հույս հայտնելով, որ առաջիկայում նույնպես ԲՀԿ-ի հետ իրենց համագործակցությունը կշարունակվի:

Մինչդեռ ՀԱԿ-ին անդամակցող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անպատվաբեր որակեց ՀԱԿ-ի դիրքորոշումը՝ զարմանալով, թե ինչու Կոնգրեսը քաղխորհրդի նիստից հետո պաշտոնական հայտարարություն չի տարածել, թեև նախապես նման պայմանավորվածություն եղել է:

«ԲՀԿ-ի ընդունած որոշման էությունը լղոզել և ներկայացնել որպես հաղթանակ կամ հաջողություն… ես այդ խաբեությամբ չեմ զբաղվում, համոզմունք ունեմ, որ այդ հայտարարությունը պատիվ չի բերում ՀԱԿ-ին և ինձ», – ասաց Գիմիշյանը՝ զարմանք հայտնելով, թե քաղաքական դաշտում ԲՀԿ-ի հետ ինչի շուրջ պետք է համագործակցել, եթե այդ ուժը հայտարարում է, որ որևէ մեկին նախագահական ընտրություններում չի սատարելու:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի այն դիրքորշմանը, թե ԲՀԿ-ն իր հայտարարությամբ ուղղակի պոկվեց իշխանական բուրգից, ապա ՀԱԿ անդամը դրան էլ լուրջ չի վերաբերվում, ընդգծելով, որ օլիգարխը չի կարող իշխանության դեմ լինել։

«Մենք հո երեխա չենք։ Ի վերջո՝ մի երեք ամիս առաջ իշխանությունը երկրի երկրորդ քաղաքը հանձնեց ԲՀԿ-ին։ Եվ ես պիտի հավատամ, որ ԲՀԿ-ն թշնամի՞ է Սերժ Սարգսյանին։ Ո՞նց կարող է Հանրապետականը զիջել Գյումրին, որ ինքն էլ գար ու նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի դեմ գործեր։ Դուք դրան հավատո՞ւմ եք», – հարցնում է Սոս Գիմիշյանը։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավարն ասում է, որ ԲՀԿ-ին չի համարում քաղաքական կառույց, այն ֆինանսական ռեսուրսների հիման վրա կառուցված հիմնարկ է, որը քաղաքականության հետ կապ չունի:

«ԲՀԿ-ն, որը երկրորդ ուժն է Ազգային ժողովում, չի մասնակցում նախագահական ընտրություններին՝ հայտնվելով բորդյուրին», – ասաց ՀԱԿ անդամը, – «Այլ բան է, որ Հայ ազգային կոնգրեսում որոշ քաղաքական ուժեր որոշակի հույսեր ունեին, որ հնարավոր է համագործակցություն և այդ համագործակցության արդյունքում նախագահական ընտրություններում հնարավոր կլինի միասնական հանդես գալ։ Դա տեղի չի ունեցել։ Ես նախկինում էլ այս մոտեցման հետ համաձայն չեմ եղել, պարզապես քանի որ տվյալ մոտեցումը կար, որ՝ եկեք մի խանգարեք մեզ, մենք այս ուղիով գնանք, դրա համար մոտ մեկ տարի համարյա լռել ենք։ Պառլամենտական ընտրությունները այս կոնտեքստում դիտարկվում էր որպես միջանկյալ քայլ, իսկ մենք տանուլ տվեցինք պառլամենտական ընտրությունները և ամեն ինչ արեցինք, որ «Բարգավաճ Հայաստանը» այսպես ասած բարգավաճի պառլամենտում․․․ լավ, դա էլ միջանկյալ քայլ գնահատվեց, գլխավոր նպատակը նախագահականն է։ Եկել ենք նախագահական ընտրություններին՝ դուք գիտեք ինչ որոշում ընդունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Դրանից հետո էլի փորձել արդարացնել և ողջունել այդ հայտարարությունը պատիվ չէր կարող բերել Հայ ազգային կոնգրեսին»:

Պատասխանելով մեր այն հարցին, թե այժմ ինչ է անելու Կոնգրեսը, արդյոք Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, թե այդ հարցը Տեր-Պետրոսյանը ինքը պետք է որոշի:

Հարցին, թե արդյոք արդեն տևական ժամանակ ի հայտ եկած հակասությունները կարող են պատճառ դառնալ, որպեսզի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը» նույնպես դուրս գա ՀԱԿ-ից, Սոս Գիմիշյանը պատասխանեց, թե ոչինչ պետք  չէ բացառել, հատկապես երբ տեսնի, որ հնարավոր չէ ՀԱԿ-ում ընդունվող որոշումների վրա որևէ ազդեցություն ունենալ:

Ի դեպ, Գիմիշյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ի երեկվա քաղխորհրդի նիստին  չեն մասնակցել «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Հայրենիք և պատիվ կուսկացության» ղեկավար Գառնիկ Մարգարյանը, «Ժողովրդավարական ուղի կուսկացությունը»։ Նիստին ներկա չի եղել նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս