«Հայի կործանում է ուզում, բայց դա չի ստանալու․ Ես նրա վախճանն եմ տեսել ու շատ վախենալու է». Տեր Ահարոն քահանա Մելքումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է հայ հոգևորականությանը, նշելով, որ այնքան հեղափոխություն կանեն, մինչև հոգևորականից մինչև քաղաքական էլիտա խոնարհվեն ժողովրդի առաջ։
«Մենք այդ կեղծ էլիտաներին թույլ չենք տալու վերարտադրվել. այո՛, եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, կանենք էլի հեղափոխություն, կանենք էնքան հեղափոխություն՝ մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տե՛ր չեք, դուք ծառա՛ եք, դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր. Հայաստանում տեր լինելու է ժողովուրդը, քաղաքացին, և դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք նրանց»,- ասել է նա:
168.am-ի հետ զրույցում Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը՝ նկատեց.
«Պապենական մի խոսք կա, ասում է՝ եթե Աստված ուզում է մեկին պատժել, սկզբում նրանից խելքն է վերցնում։ Մեկ առակ էլ հիշեցնեմ՝ երբ հաստատվել է Խորհրդային Միությունը, չեկիստները մտնում են եկեղեցիներ ու պոկում իկոնաները, ժողովուրդը սարսափած նայում է, ու մեկն ասում է, թե՝ դե տեսեք՝ Աստված չկա, եթե կա, թող ինձ պատժի։ Ժողովրդից մեկն ասում է՝ արդեն պատժել է՝ խելքդ է առել»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, ի՞նչ է ուզում հայ հոգևորականությունից, որ շարունակ նրանց պիտակավորում է, քահանան պատասխանեց.
«Հայի կործանում է ուզում, բայց դա չի ստանալու։ Ես տեսել եմ նրա վախճանը, որ շատ վախենալու է: Դե ինքն իրեն Պապ թագավոր է հռչակել, իսկ պապ թագավորը այլասերված էր, արշավ սկսեց եկեղեցու դեմ։ Դե, Պապ հռչակված մարդը նրա ճակատագրին էլ արժանանալու է»։
Միաժամանակ նա ընդգծեց, որ երբ սատանան չի կարողանում հասնել սրբությանը, ատամները կրճտացնում է, և դա նորմալ բան է։
«Հայ հոգևորականությանը սելջուկ թուրքերը, արաբները, բողոքականները չեն կարողացել ծնկի բերել։ Կարծում եմ՝ այդ մարդը պատմության չիմացության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, դե, պետք է մի քիչ պատմություն իմանա։ Բազմիցս եմ ասել, որ 1988 թվականի Արցախյան շարժումը բռունցքված, միասնական շարժում էր, երբ բաց ձեռքերով են գալիս, դրա արդյունքը տեսանք, տեսանք, թե հիմա ինչքան գերի ունենք Ադրբեջանում, որքան զոհեր ունենք»,- ընդգծեց նա։
Եզրափակելով խոսքը՝ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը հավելեց. «Պատը փլուզվելուց է փոշի անում»։