«Հոգևորից մինչ քաղաքական էլիտա, չե՛ք թպրտալու. Փաշինյանը՝ Դիլիջանում
Երկրում հաստատված է եղել կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա. Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ եթե պետք լինի, այնքան հեղափոխություն կանեն, մինչև էլիտաները խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ:
«Ես մի վիճակագրություն եմ բերում անընդհատ, որ, օրինակ, 10 տարեկան երեխաների 30 տոկոսը կարդալ ընդհանրապես չգիտի, դա նշանակում է, որ մեկ ուրիշ 30 տոկոս կիսագրագետ է, մեկ ուրիշ 30 տոկոս՝ վատ կրթություն է ստացել. սա վկայում է, որ երկրում հաստատած է եղել և այսօր էլ այդ համակարգը վերացված չի, կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա, որն ինքն իրեն անընդհատ վերարտադրում է:
Եթե որևէ աշխատատեղ, դա այդ էլիտայի ներկայացուցիչների համար է, պետական պաշտոններ, դա այդ էլիտայի ներկայացուցիչների համար է: Այսօր դա ամենաշատը երևում է իրավաբանների վրա. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում կլոնացված իրավաբանական մի համակարգ է ձևավորվել, որի 60 տոկոսը պարզապես ատում է սեփական ժողովրդին:
Ամենևին պատահական չէ, որ նոյեմբեր-դեկտեմբեր-հունվարին այդ մարդիկ իբր ուզում էին Հայաստանում հեղափոխություն անել, վեր էին կենում, այդ հարթակից ժողովրդին անվանում ժեխ, բոմժ, վիրավորելու համար ասում՝ եհովայի վկա, զոմբի, դա պատահական չէ: Այս պատմությունը պատերազմի հետ կապ չունի. չեք նկատո՞ւմ՝ արդեն մոռացել են, դա մի բանի հետ կապ ունի. նրանք չեն հասկանում՝ ո՞նց կարող է երկրում ժողովուրդը որոշիչ լինել. իրենք էլիտայով պետք է որոշեն,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել.- Մենք այդ կեղծ էլիտաներին թույլ չենք տալու վերարտադրվել. այո՛, եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, կանենք էլի հեղափոխություն, կանենք էնքան հեղափոխություն՝ մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տե՛ր չեք, դուք ծառա՛ եք, դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր. Հայաստանում տեր լինելու է ժողովուրդը, քաղաքացին, և դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք նրանց»:
Մանրամասները՝ տեսանյութում