Հրանտ Բագրատյանն ուզում է ջարդել սպառման տնտեսական մոդելը
«Այն տնտեսական մոդելը, որը Հայաստանում կա, կոչվում է սպառման տնտեսական մոդել. եթե մենք կարողանում ենք, բարձրացնում ենք թոշակ կամ աշխատավարձ, դրան համապատասխան՝ ավելանում է աղքատությունը»,- «Ազատություն» կուսակցության ծրագիրը ներկայացնելիս նշեց կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նկատելով, որ գործող տնտեսական մոդելով կարող է ավելանալ, օրինակ, երշիկի, մածունի արտադրությունը, բայց չի ստեղծվի ժամանակակից մետալուրգիական արտադրություն, զենքի արտադրություն:
Այս համատեքստում նա հիշեցրեց, որ իր պաշտոնավարման օրոք բանակը կռվում էր՝ ի տարբերություն 2020 թվականի բանակի՝ որտեղ մեկ շաբաթ հետո զինամթերքը վերջացավ. «Եվ, որ անընդհատ գլխից դուրս խոսվում է, թե ոչինչ չի արվել, 30 տարի թալանվել է. այդ կեղտոտ բերանը պիտի փակենք»:
Կրկին անդրադառնալով ծրագրային ուղենիշներին՝ Հրանտ Բագրատյանը վերահաստատեց՝ թոշակն ավելացնելով՝ զարգացման չես հասնի, և հավելեց. «Ուրեմն կա երկրորդ տարբերակը՝ առաջարկով պայմանավորված զարգացում, երբ պետությունը նախաձեռնում է այս կամ այն արտադրության ստեղծումը»:
Նախկին վարչապետը նկատեց, որ 2001 թվականից խոսում է տնտեսական քաղաքականության փոփոխության անհրաժեշտության մասին և այդ մասին ասել է թե՛ Երկրորդ և թե՛ Երրորդ նախագահներին:
«Ազատություն» կուսակցության առաջնորդը նշեց նաև սպառման մոդելի հետևանքների մասին՝ նկատելով, որ այսօր ԱՊՀ անդամ 15 հանրապետությունների մեջ Հայաստանում ամենաբարձր դոլարային գնաճն է:
«Այս վիճակից դուրս գալը, ինչպես տեսնում եք, պահանջում է ինստիտուցիոնալ փոփոխություններ. սուվերեն հիմնադրամ, մասնագիտացված բանկային համակարգ, պարզեցված բանկային համակարգ՝ ներդրումներին հարմարեցված, պետական ակտիվ ինվեստիցիոն գործունեություն, օժանդակություն բիզնեսին, և այլն»,- ասաց նա՝հավելելով, որ իր թիմով ուզում են ջարդել նախկին մոդելը, և այս տեսակետից միակն են քաղաքական ուժերի մեջ: