«Մեր կանոնավոր բանակի կողքին պետք է աշխարհազոր լինի՝ թշնամին  գիտակցում է, որ երկիրը գտնվում է կապիտուլյանտի ձեռքին, իսկ բանակն էլ կատարում է վերևից եկած հրամանը». Շուռնուխեցի Աշխարհապետ

Հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է լարված ու վտանգավոր մնալ Գեղարքունիքի և Սյունիքի մարզի սահմանամերձ բնակիչների համար։ Այդ հատվածներում առաջ եկած թշնամին, ինժեներական աշխատանքների հետ միասին, փորձում է վախի մթնոլորտ ստեղծել խաղաղ բնակիչների շրջանում՝ կրակելով գյուղերի ուղղությամբ, գողանալով նրանց կովերին, ձիերին։ Մայիսի 12-ից առ այսօր սահմանին զոհվել է  մեկ հայ զինծառայող, 7-ը՝ գերեվարվել։ 6 զինծառայող գերեվարվել է մայիսի 27-ին՝ Գեղարքունիքի մարզի դիրքերից մեկում, 1 հոգի էլ երեկ Սյունիքում՝ ըստ Պաշտպանության նախարարության, զինվորը մառախուղի պատճառով մոլորվել է և հայտնվել թշնամու հսկողության տակ գտնվող տարածքում։

Թե ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը, ինչպե՞ս սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց անասուններին տանեն արոտավայր, որպեսզի գերի չընկնեն, անասուններին էլ թշնամին չգողանա, որևէ պատկան մարմին այս հարցերին չի պատասխանում։ Գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անտեսել են  ստեղծված իրավիճակը, մոռանալով, որ խաղաղ բնակիչների կյանքն է վտանգված, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը մարզային քարոզարշավի ընթացքում հայտարարում է, թե գերիներն իրենց կներեն 1-2 ամիս Բաքվի բանտերում ավելի մնալու համար։

168.am-ի հետ զրույցում Շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը, իր մտահոգությունները հայտնեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ընդգծելով, որ այս ամենին չպետք է խառնել բանակին, որովհետև բանակին հրաման է տված չկրակել, որը պետք է ենթարկվի հրամանին։

«Մեր կանոնավոր բանակի կողքին, այսօր պարտադիր պետք է լինի աշխարհազորը, քանի որ թշնամին քաջ գիտակցում է, որ այսօր երկիրը գտնվում է կապիտուլյանտի ձեռքին, իսկ բանակն էլ կատարում է վերևից եկած հրամանը։ Իսկ կամավորը, աշխարհազորը կանգնում է տեղում ու ինքն իր խնդիրը լուծում է, այնպես կարող է անել, որ թշնամուն չեզոքացնի, հետ շպրտի ելման դիրքեր։ Այսօր մեր Պաշտպանության նախարարությունը պետք է այդ «դաբրոն» տա, որ աշխարհազորը կանգնի կանոնավոր բանակի կողքին, որպես թասիբ ու արժանապատվություն մեր զորքին ու երեխաներին։ Ես չեմ ասում,  հրամանից դուրս ինքնագլուխ բաներ կանենք, բայց մենք պատրաստ ենք տեղում թշնամու կատարած ամեն ոտնձգություն՝ թե՛ ավտոմատի խզակոթով թխենք, թե՛ ձեռքի բռունցքով թշնամուն հետ շպրտենք։

Թշնամին աշխարհազոր տեսնելով, վստահ եմ, կմտածի, որ իր առաջխաղացումն անհնար է, դրա համար կանոնավոր բանակ բերեցին, իսկ մեզ չգիտեմ ինչ օրենքով հանեցին, մնաց կանոնավոր բանակը, որին որ ասում են՝ 100 մետր հետ եկեք, հետ է գալիս։ Իսկ եթե աշխարհազորին ասեն՝ 1 մետր հետ գնացեք, դրա համար պետք է լուրջ պատասխան տան, դրա համար մեր նմանները, ըստ նրանց,  իրավունք չունեն կանգնելու սահմանին, որովհետև այս ազգադավ ծրագիրը շարունակվում է»,- նշեց Արարատ Աղաբեկյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Արցախն ու Հայաստանը հայտնվեցին այս իրավիճակում, քանի որ  նախ, առաջին հերթին, Հայաստանի ղեկավարը սուտասան է՝ բացարձակ սուտասան, որևէ պետություն չունի նման ղեկավար, որը ստի պարկը մեջքին դրած ման գա։

«Պետության ղեկավարը, որ սուտ խոսի, ինքն իր ասածները հերքի, իր նախադասությունները կիսատ է թողնում ու այլ բաներից խոսում, դա հո երկրի ղեկավար չէ՞։ Այ մարդ, հիվա՞նդ է, հոգեկա՞ն է, թող հեռանա, 7 հազարից ավելի զոհ տվեց, այս պետությունը քայքայեց և նման շիզոֆրենիկ կարգավիճակով էլ ուզում է ղեկավարումը շարունակել։ Մեր ժողովրդի մի մասը, որի ուղեղները ֆորմալինով լվացված է, կազմել են մի խումբ, տպավորություն են ստեղծում, թե սատարում են սրան՝ չգիտակցելով ինչ են անում։ Երևի այդ մարդիկ այնպիսի պայմաններում են դաստիարակվել, որ միշտ ընտանիքում իրար խաբել են, այսինքն՝ այս ամենը ստի հիման վրա կառուցված ղեկավարություն է։ Էլ չեմ խոսում տարբեր ուժերի ու լծակների մասին, որոնք փորձեցին եկեղեցուն սևացնեն, բանակի ողնաշարին կպնեն, հասարակությանը բաժանեցին սևի ու սպիտակի, ընտանիքների թշնամացրեցին։ Մի մեռելատուն, հարսանքատուն չկա, որ քաղաքականությունից չխոսեն, դպրոցն ու մանկապարտեզում նույնպես։ Սա մի ծրագիր է, որպեսզի խեղաթյուրեն մեր արժեքները և, իրենց լեզվով ասած՝ մեր նման մարդկանց, որոնց իրենք անվանում են կարծրատիպեր՝ ոչնչացնեն»,- հավելեց Արարատ Աղաբեկյանը։

Ըստ նրա, եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանոթւյան, ապա իրավիճակը կփոխվի՝ այս հարցում համոզված է։

«Մարդուն ճանաչում եմ, նա մարտավարություն գիտի։ Ես ասում եմ՝ ղեկավարից պետք է մարդու հոտ գա, Ռոբերտ Քոչարյանից մինչև այսօր գալիս է մեր հաղթանակած բանակի պոլուխի հոտը։ Նա կկարողանա տնտեսությունը, բանակը ոտքի կանգնեցնել, ինքը թաթալաբազ չի, ի վերջո, գործունյա, փորձառու մարդ է, նա բոլոր ոլորտներից տեղյակ է և կարող է երկիրը ոտքի կանգնեցնել։ Համոզված եմ՝ նա Արցախի ամբողջականությունը հետ կբերի, կարգավիճակի մասին այս պահին չեմ կարող խոսել, բայց համոզված եմ, որ Արցախի ամբողջականությունը կվերականգնի, գերիների վերադարձ կլինի։ Նա բուֆերային գոտի կսահմանի՝ Տավուշից բռնած մինչև Արաքս գետը, այդ ընթացքում մենք կունենաք Շուռնուխում կորցրած 12 տունը։ Եթե նույնիսկ ես այնտեղ չբնակվեմ էլ, գոնե իմ տանը հայ զինվորն ու սահմանապահը կմնան՝ իմ տնկած ծառի բերքն էլ իմ զինվորը կուտի»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս