Եթե հանկարծ այս իշխանությունը վերարտադրվի, ապա մեզ շատ մեծ ցնցումներ են սպասվում․ Ստեփան Դանիելյան

Երեկ տրվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ Արդյո՞ք այս ընտրությունները կհանգուցալուծեն երկրում առկա ճգնաժամային իրավիճակը հարցի պատասխանն այս օրերին հանրային քննարկումների ծիրում է։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ գործող իշխանությունների չվերարտադրվելու դեպքում ականատես կլինենք այդ հանգուցալուծմանը, հակառակ պարագայում՝ անխուսափելի կլինեն ցնցումները։

«Կա մի խնդիր՝ այս կառավարությունը չպետք է վերարտադրվի։ Եթե չի վերարտադրվում, ապա սա ինչ-որ ձևով ժամանակավոր հանգուցալուծում է․ կարծում եմ՝ դրանից ինչ-որ ժամանակ անց կլինեն նոր արտահերթ ընտրություններ, որովհետև այդ խորհրդարանը կենսունակ չի լինելու։

Իսկ եթե հանկարծ այս իշխանությունը վերարտադրվի, ապա մեզ շատ մեծ ցնցումներ են սպասվում, նաև շատ մեծ արտագաղթ, Արցախում ևս նման տրամադրություններ կան․ եթե այս իշխանությունը վերարտադրվի, շատերն արդեն որոշում են կայացրել՝ հեռանալու երկրից։ Ամեն ինչ կարող է լինել, և այդ խորհրդարանը, հնարավոր է, չկարողանա աշխատել, որոշումներ կայացնել»,- նշեց քաղաքագետը 168.am-ի հետ զրույցում։

Ո՞րն է լինելու նոր խորհրդարանի ժամանակավոր առաքելությունը և ինչո՞վ է պայմանավորված պնդումը, թե այն «կենսունակ չի լինելու»՝ հարցերին ի պատասխան՝ Ստեփան Դանիելյանը պատասխանեց, թե՝ Հայաստանում այսօր հնարավոր չէ կազմակերպել քաղաքական ընտրություններ, որը խորհրդարանում կներկայացնի հասարակության մեջ առկա քաղաքական պատկերը․ քաղաքական համակարգն այս պահին տապալված է, ուստի կազմով պայմանավորված՝ դա կլինի ժամանակավոր խորհրդարան, որն ինչ-որ ժամանակ կգործի և խնդիրներ կլուծի․ «Խնդիրն իշխանության տրանզիտն ապահովելն է, այսինքն՝ մաքրելը ՔՊ-ականներից»։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ինչ-որ ֆորս-մաժորի դեպքում այս ընտրությունները, այդուամենայնիվ, չկայանան, Ստեփան Դանիելյանը պատասխանեց․

«Ես ամեն ինչ էլ հնարավոր համարում եմ։ Հնարավոր համարում եմ, որ այնուամենայնիվ ինչ-որ ֆորս-մաժոր կարող է լինել, կամ գործող իշխանությունը փորձի դա օգտագործել, եթե տեսնի՝ իր շանսերը սահմանափակ են։ Ես այս գործող վարչապետից ամեն ինչ եմ սպասում»։

Տեսանյութեր

Լրահոս