Ռոբերտ Քոչարյանն ակնարկել է, որ կարող է առաջադրվել

Նախագահական ընտրություններում անսպասելիության գործոնն, առաջին հայացքից, վերացավ, և թվում է, թե մինչև ընտրություններ որևէ անակնկալ հազիվ թե արձանագրվի: Ամենաանսպասելին դարձավ ամենասպասելի իրադարձության`ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջադրման մասին մտադրությունը չեղյալ հայտարարելու քայլը: Դրանից հետո անգամ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը կորցրել է անսպասելիության նշանակությունը: Դա, իհարկե, որոշակի աշխուժություն կառաջացնի, սակայն, ընդհանուր առմամբ, չի լինի չնախատեսված, զարգացումների ընթացքի վրա մեծ ազդեցություն ունեցող իրադարձություն:

Առայժմ մնացել է անսպասելի միայն մեկ քայլի հնարավորություն` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առաջադրումը: Առաջին հայացքից՝ դրա հավանականությունը շատ փոքր է թվում, քանի որ գոնե հրապարակայնորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Քոչարյանը նման մտադրություն չունի: Բայց այդ փորձերի դրսևորման ձևը ստիպում է առնվազն առայժմ չբացառել, որ Քոչարյանը կարող է առաջադրվել: Այսօր, օրինակ, նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, թե չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին:

Մեդիամաքս-ին տված հարցազրույցում նա ասել է. «Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին: Ավելին, մի քանի անգամ նա հակառակն է ասել: Չեմ կարծում, որ նա կմասնակցի այս նախագահական ընտրություններին»: Ուշադրություն դարձրեք` պաշտոնապես Ռոբերտ Քոչարյանի տեսակետը ներկայացնող Վիկտոր Սողոմոնյանը չի ասում, թե երկրորդ նախագահը հաստատապես չի առաջադրելու իր թեկնածությունը, նա ընդամենն ասում է, թե «չի կարծում», որ Քոչարյանը կառաջադրվի:

Այսինքն` պաշտոնապես Ռոբերտ Քոչարյանն, իր գրասենյակի ղեկավարի շուրթերով, փոխանցում է մեկ մեսիջ` ինքը նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել: Այս մեսիջը, բնականաբար, առաջին հերթին՝ ուղղված է իշխանությանը, հատկապես՝ իշխանության մեջ գտնվող այն գործիչներին, ովքեր Քոչարյանի առաջադրման դեպքում կարող են անցնել նրա կողմը: Այսինքն` Քոչարյանն անուղղակիորեն նրանց հասկացնում է՝ դեռևս չշտապել և Գագիկ Ծառուկյանի չառաջադրումից վերջնական եզրահանգումներ չանել:

Ի դեպ, այս համատեքստում միանգամայն նոր իմաստ են ստանում այն հատուկենտ ԲՀԿ-ականների հայտարարությունները, ովքեր Ծառուկյանի երեկվա որոշումից հետո ընդհատակ չէին անցնել ու հորդորում էին սպասել` բազմիմաստ ակնարկելով, թե դեռ ժամանակը չէ վերջնական հետևություններ անելու: Ընդ որում, դրանք ԲՀԿ-ի` քոչարյանական համարում ունեցող գործիչներն են: Ի դեպ, «ժամանակի» մասին օրերս նույնքան բազմիմաստ ակնարկներ էր արել Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական` 2-rd.am կայքը:

Դրանում հրապարակված ծավալուն վերլուծության մեջ մասնավորապես գրված էր. «Օրեր անց կսկսվի նախագահի ընտրության քարոզչական շրջանը, և մի ավելորդ անգամ էլ կհամոզվենք, որ թեկնածուներն իրենց խոստումներով չեն գերազանցելու այն ցուցանիշները, ինչին մի անգամ արդեն հասել էր Ռոբերտ Քոչարյանը: Սա նշանակում է, որ նա, եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման վերադառնալու է ակտիվ քաղաքականություն: Նա չի վերադառնա, եթե միայն ինքը չուզենա: Չուզենա հերթական անգամ ստանձնել ծանր պարտականություն ու գլուխը ցավի տակ դնել:

Սակայն դա էլ, իր հերթին, կնշանակի, որ նա անտարբեր է մնում երկրի ապագայի նկատմամբ, ինչը քիչ է հավանական: Ուրեմն նրա անխուսափելի վերադարձն ընդամենը ժամանակի հարց է»: Ակնհայտ է, որ ներկայացված համատեքստում «այսօր» և «վաղը» արտահայտությունները շատ հարաբերական են: Մասնավորապես, «վաղը» կարող է համարվել և՛ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը, և՛ 2018 թվականի փետրվարի 18-ը:
Այսպիսով քոչարյանական շրջանակներն առնվազն չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հնարավորությունը` դա ներկայացնելով, ըստ էության, ակնարկ-սպառնալիքի տեսքով:

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ իշխանություն վերցնելը որսի նման բան է, պետք է դարանակալել և սպասել, որից հետո՝ հարձակվել արագ և հանկարծակի, որսին հնարավորություն չտալով ուշքի գալ և պաշտպանվել: Այնպես որ, առնվազն չպետք է բացառել, որ, ասենք, հունվարի 4-ին` երբ հայ հասարակությունն ու քաղաքական դաշտը դեռևս խումհարի մեջ կլինեն, Ռոբերտ Քոչարյանը կարող է առաջադրման փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ: Իսկ Վիկտոր Սողոմոնյանն ընդամենը կհայտարարի, որ սխալ տպավորություն էր ստացել Քոչարյանի մտադրությունների մասին:

Տեսանյութեր

Լրահոս