«ՀԱԿ-ը նման է ռեստորանի մի մատուցողի, որին ամենաունևոր հաճախորդը լքել է առանց թեյավճար թողնելու»
Քաղաքագետ, «Նոր աջեր» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը նախընտրական գլխավոր ինտրիգը համարում է հանգուցալուծված, իսկ ընտրությունների ելքը` կանխորոշված: Նման վերլուծության հիմքը, ըստ Սուրենյանցի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա որոշումն է:
«Հայաստանի պատմության մեջ սա բացառիկ դեպք կարելի է համարել, երբ ընտրություններից մոտ 70 օր առաջ արդեն ընտրությունների ելքը կանխորոշված է, և, կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում, որ հազիվ թե մեզ լուրջ անակնկալներ կամ ֆորսմաժորային վիճակներ սպասվեն»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Ս.Սուրենյանցը:
Չսպասելով լրագրողների հարցերին` բանախոսը միանգամից սկսեց քաղաքագիտական վերլուծությունները, թե ինչու չառաջադրվեց Գագտիկ Ծառուկյանը, ինչ հնարավոր հետևանքների դա կարող է բերել և ինչպիսի ընտրություններ առհասարակ կունենանք:
«Առաջին պատճառն այն է, որ ԲՀԿ-ն ի սկզբանե ձևավորված էր իբրև իշխանության պրոեկտ` իր կառուցվածքով, մարդկային ներուժով: Դեռ մայիսին նշել էի, որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է ԲՀԿ-ն լինել ընդդիմադիր կուսակցություն»,- նշեց բանախոսը` ԲՀԿ-ն որակելով իբրև օլիգարխիկ համակարգի կուսակցություն:
Երկրորդ պատճառն էլ, ըստ նրա՝ այն է, որ ԲՀԿ-ն միասնական քաղաքական թիմ չէր: Նա ԲՀԿ-ն համեմատեց ՓԲԸ-ի հետ, որտեղ գոյություն ունեն մի քանի անհաշտ փայատերեր` մեկը մյուսին հակասող շահերով:
Թե ի՞նչ կլինի Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո, կարծես այլևս կարևոր չէ: Սուրեն Սուրենյանցի կարծիքով, նախընտրական այս շրջանում, իհարկե, փոքր ու միջին ինտրիգներ կլինեն, սակայն դրանք այլևս էապես չեն կարող ազդել գործընթացների վրա:
Անգամ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրում-չառաջադրումն այլևս գործոն չէ քաղաքական դաշտում: Նրա խոսքով՝ դա կարող է ազդեցություն ունենալ միայն Կոնգրեսի ներսում.եթե ՀԱԿ-ի թեկնածուն դառնա առաջին նախագահը՝ կուսակցությունների այդ դաշինքն ավելի ուշ կփլուզվի, քան մեկ այլ թեկնածուի պարագայում: Իսկ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի՝ Սուրեն Սուրենյանցը բացարձակապես չի կասկածում:
«Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը, որովհետև առանց այն էլ վերջին տարիուկեսվա ընթացքում այնքան սխալներ է գործել, որ արդեն իսկ ստվերել է իր քաղաքագիտական բացառիկ տաղանդը: Չեմ կարծում, որ հերթական սխալը նա կգործի»,-նշեց բանախոսը:
Եթե ԲՀԿ-ին Ս.Սուրենյանցը համեմատեց փակ բաժնետիրական ընկերության հետ, ապա ՀԱԿ-ի դեպքում գնահատականները շատ ավելի կոշտ էին: «ՀԱԿ-ը նման է ռեստորանի մի մատուցողի, որին ամենաունևոր հաճախորդը լքել է առանց թեյավճար թողնելու»,- ասաց ՀԱԿ նախկին անդամը: Նա իր այս գնահատականները հիմնավորեց նրանով, որ ՀԱԿ-ը կորցրել էր իր ինքնուրույնությունը և դարձել էր ԲՀԿ-ի «փաստաբանը»:
Նախընտրական ինտրիգներից մեկն էլ, Ս.Սուրենյանցի համոզմամբ, Վարդան Օսկանյանի հարցն է.ԲՀԿ շարքերը համալրած նախկին արտգործնախարարը կարող է ինքնուրույն քայլեր անել` տրոհելով ԲՀԿ-ն, կարող է նաև համակերպվել այս իրողության հետ` դադարելով քաղաքական գործոն լինելուց:
Անցելով արդեն բուն նախագահական ընտրություններին` քաղաքագետը կանխատեսեց, որ գործող նախագահ Սերժ Սարգյանը մրցակից չի ունենա: Սուրեն Սուրենյանցն, ի դեպ, լավատեսորեն է տրամադրված և հույս ունի, որ հաջորդ պաշտոնավարման ժամանակ Սերժ Սարգսյանը երկրում բարեփոխումներ կիրականացնի: