«Հայրենիքի համար նահատակված տղաների դիերի նկատմամբ նման վերաբերմունքն ուղղակի սատանայապաշտություն է, աղաղակող այլանդակություն». Շիրակի թեմի առաջնորդ

Արդեն մի քանի օր է` հանրությունը ցնցված է Աբովյանի դիահերձարանում արված լուսանկարներից ու տեսանյութից, որտեղ պատերազմում նահատակված տղաների դիերն ու մասունքները պարկերի մեջ լցրած հայտնվել էին դիահերձարանի հատակին։

Երկու սենյակներում, որտեղ լցված էին տղաների մասունքները, չկային պահպանման տարրական պայմաններ, որի հետևանքով էլ սենյակներում ճանճեր կային։

Այս սահմռկեցուցիչ տեսարանի համար Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ուղղակի ներողություն խնդրեց հանրությունից, որին հաջորդեցին դիահերձարանի մի քանի աշխատողներին աշխատանքից հեռացնելու կամ խիստ նկատողություն տալու մասին որոշումները։

Ի դեպ, Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իր ներողություն խնդրելն անսովոր համարեց, նշելով, որ երևի նման մշակույթ չի եղել։

Իսկ այս ամենի վերաբերյալ էլ Նիկոլ Փաշինյանն իր «ուրույն» տեսակետն ունի, նա կառավարության նիստի ժամանակ ասաց, թե «դեպքից պետք է դասեր քաղել, բայց մյուս կողմից էլ՝ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարը ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել, տեսնել ոնց է»։

168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադառնալով նահատակվածների դիերի նկատմամբ իշխանության վերաբերմունքին, նկատեց՝ նույնիսկ հարգանք պետք է ցուցաբերել հանցագործների դիերի նկատմամբ։

«Ցանկացած մարդու դիակի նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերել՝ քրիստոնեական մոտեցումը դա է։ Հայրենիքի համար նահատակված տղաների դիերի նկատմամբ նման վերաբերմունքն ուղղակի սատանայապաշտություն է, աղաղակող այլանդակություն։ Սա վերջն է, որտեղ արդեն պետք է հասկանալ, թե ուր ենք հասել»,- նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազանի խոսքով՝ ինչ-որ բան փոխվել է, սակայն դա բոլորին չի վերաբերում, ըստ երևույթին, տեղի է ունեցել ինչ-որ ծանրության կենտրոնի փոփոխություն՝ լուրջ կերպով փոփոխություն։

«Թեքվել ենք դեպի անդունդ և գնում ենք դեպի անդունդ։ Իհարկե, այս ամենից հետդարձ կա, նույնիսկ ամենախորը անդունդից հետդարձ կա, բայց պետք է ցանկություն լինի։ Եթե մարդն իրեն արդեն լավ է զգում անդունդում և ասում է՝ ի՞նչ է եղել, որ, ուրեմն՝ հույս չկա, որ նա անդունդից դուրս կգա։ Խնդիրն այն է, որ իշխանությունը չի հասկանում, որ ինքն անդունդի մեջ է, ինքը չի հասկանում, որ փոսի մեջ է, մտածում է՝ ի՞նչ է եղել, որ, նա գոհ է այդ վիճակից։ Գիտեք՝ խլուրդի համար աշխարհը սկսվում ու ավարտվում է հողի տակ, հողից դուրս նրա համար աշխարհ չկա։ Հիմա եթե իշխանության է եկել խլուրդը, ապա իր համար որքան հեռու արևից, որքան խորը փոս, այնքան լավ, արևից որքան հեռու լինի՝ այնքան լավ, խլուրդն արևն ի՞նչ է անում, արևը պե՞տք է իրեն»,- հավելեց Շիրակի թեմի առաջնորդը։

Ըստ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, ստեղծված իրավիճակում շարքային քաղաքացին հնարավորություն ուներ անցնող ամիսներին իր մոտեցումն ու դիրքորոշումն արտահայտելու, սակայն չարտահայտեց։

«Հիմա հուսանք, որ գոնե ընտրությունների ժամանակ կարտահայտի և խլուրդների իշխանությանը կփոխարինի լուսաբնակների իշխանությունը։ Հիմա լուսաբնակների մեջ էլ կան տարբեր աստիճանակարգումներ, կարող է բորենիներ ընտրեն, կարող է՝ առյուծներ։ Թերևս, ժամանակն է, որ ժողովուրդը համախմբվի նաև հոգևորականության շուրջ, սակայն ժողովուրդը պետք է տա այդ լծակները եկեղեցուն, որպեսզի եկեղեցին կարողանա այդ իմաստով իրականացնել իր առաքելությունը՝ ազգապահպան կամ պետականաշինության իմաստով։ Եկեղեցին չի կարող գալ ու այդ իշխանությունը խլել»,- եզրափակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Տեսանյութեր

Լրահոս