Բաժիններ՝

«Երևի անսովոր էր իմ ներողություն խնդրելը, երևի նման մշակույթ չի եղել». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ Աբովյանի դիահերձարանում պատերազմում նահատակված տղաների դիերն ու մասունքները ոչ պատշաճ պահելու համար աշխատակիցների մի մասը ստացել է խիստ նկատողություն, որոշ անձինք պաշտոնից ազատվել են։

«Հարուցվել է քրեական գործ,  կընթանա քննությունը, կպարզվեն հանգամանքները և օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն համապատասխան պատիժ։ Միանշանակ ես, որպես քաղաքական առաջին պատասխանատուն, միանգամից արձագանքել եմ, նորից եմ կրկնում, այո, ներողություն եմ խնդրել և ասել եմ, որ բոլոր այն անձինք, ովքեր պատասխանատու են տվյալ կոնկրետ գործընթացի համար, պետք է կրեն պատասխանատվություն»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի պաշտոնակատարը լրագրողների մի քանի անգամ հնչեցրած ճշտող հարցերին ի պատասխան՝ կրկնեց նույն միտքը՝ ընդգծելով, թե ընթանում է քննություն: «Քննությունն իր ավարտական եզրակացությամբ երբ լինի, թող ընթացքը լինի այնպես, ինչպես կլինի»:

Լրագրողի հարցին, թե չի՞ պատրաստվում նախարարը հրաժարական տալ, Անահիտ Ավանեսյանն այսպես պատասխանեց.

«Երևի անսովոր էր իմ ներողություն խնդրելը, երևի նման մշակույթ չի եղել, այո, ներողություն եմ խնդրում, որ ցավ է պատճառվել հարազատներին։ Սակայն նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում։ Մեկ մասնավոր դեպքը տարածել ամբողջ կառույցի վրա…»,- շեշտեց Առողջապահության նախարարի պաշտոնակատարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս