«Իմ տպավորությամբ՝ իշխանությունը չի էլ գիտակցում, որ անվտանգության խնդիրը լուրջ է». Վարուժան Հոկտանյան
Այսօր «Ո՞ր արժանիքների համար են նշանակվում պաշտոնի և ի՞նչ պատճառով են պաշտոնանկ արվում. հասարակությունն անտեղյակ է» թեմայով քննարկման ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադառնալով թեմային՝ ասաց, որ նշանակումների մասին չի ցանկանում խոսել, քանի որ դրանք հենվում են ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ ուրիշ սկզբունքների վրա:
«Ե՛վ նախկինում, և՛ հիմա նշանակումները հիմնականում եղել են ոչ թե պրոֆեսիոնալ չափանիշների հիման վրա, այլ ուղղակի քաղաքական թիմի անդամ լինելու և հավատարմության, լոյալության սկզբունքներով, որպեսզի դա փոփոխվի, շատ ավելի լուրջ բարեփոխումներ պետք է արվեն հենց հանրային ծառայության համակարգում, քաղաքական բարեփոխումներ, որ մենք ունենանք մերիտոկրատական նշանակումներ: Ինչ վերաբերում է ազատմանը, երևի դրանից էլ բխում է ազատման հետ կապված ոչ թափանցիկ մոտեցումը, որովհետև եթե իրենց մարդկանց նշանակում են, ապա դժվար թե բացատրություն տրվի հասարակությանը, թե ինչի համար այսինչին հանեցին, կամ չհանեցին, եթե բացահայտ դեմ դուրս չեն գալիս այդ համակարգին, կամ ինքը չի ասում դա, որպես կանոն, դա մնում է անհասկանալի, անհայտ և տեղիք է տալիս բազմաթիվ ասեկոսեների, բազմաթիվ ենթադրությունների, որոնց մեծ մասը, երևի թե, ճիշտ չեն, և այս պրակտիկան այսպես էլ շարունակվում է, մանավանդ, եթե խոսում ենք ոչ քաղաքական պաշտոնների մասին: Իսկ քաղաքական պաշտոնների և հայեցողական պաշտոնների դեպքում, քանի որ առաջնորդվում են այդ սկզբունքով, մոտ ապագայում չեմ ակնկալում որևէ թափանցիկություն: Այստեղ երևի պետք է ավելի համառ գտնվեն լրատվամիջոցները, քաղհասարակությունը, որ փորձեն բերել այդ մշակույթը երկիր, որ այդ ամենը հիմնվի արժանիքների վրա, որը, իմ կարծիքով, կբերի այդ հարցերում ավելի պարզ, այդ ենթադրություններից, բամբասանքներից դուրս իրավիճակի»,- ասաց Հոկտանյանը:
Լրագրողի հարցին՝ եթե հանրության առաջ այժմ հաշվետվողական չեն, կնշանակի, որ հանրության կարծիքն էական չէ, արդյոք նույն իրավիճակը կլինի՞ նաև ընտրությունների ժամանակ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը պատասխանեց՝ միանշանակ այո:
«Չհաշված հեղափոխական ալիքի վրա տեղի ունեցած ընտրությունները, որտեղ ընդհանրապես այդպիսի հարցեր չէր դրվում, ինչպես, օրինակ, 1990 կամ 2018թ.-ի ընտրություններում, մնացած ընտրությունների ժամանակ առավել ևս դա նշանակություն չի ունեցել, և ենթադրում եմ, որ այս ընտրությունների ժամանակ էլ դժվար թե այդ հարցը լինի առաջնային, կարծում եմ, որ սա գալիս է նաև հասարակության մոտեցումներից: Այդ մշակույթը ես չեմ տեսնում: Խորհրդարանը պետք է հաշվետվողականություն ապահովի, բայց հասարակության ներսում ձևավորված այդ պահանջը, ճնշումը, որ դա պետք է լինի, չկա»:
Վարուժան Հոկտանյանը նշեց, որ հանրությունը հաճախ ընտրություն է կատարում՝ հիմնվելով չստուգված փաստերի վրա:
«Երբ խոսում ես մարդու հետ, ասում է՝ ես այսինչին եմ պաշտպանելու, հարցնում ես՝ ինչի՞ հիման վրա, ի՞նչ փաստերով, ինչո՞ւ հենց նրան, պատասխանողը չի փորձում բերել կոնկրետ փաստեր, դեպքեր, երևույթներ, որ ապացուցի, որ իր ընտրությունը ճիշտ է, ավելի շատ հիմնվում են նրա վրա, որ թեկնածուն լավ բաներ է ասում, ուժեղ թիմ ունի, և այլն: Սա ինձ համար չափանիշ է, որ հասարակության մեջ ձևավորված պահանջ չկա հաշվետվողականության»,- ասաց Հոկտանյանը:
Մեկ այլ հարցին ի պատասխան, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարն ասաց, որ պետությունը պետք է գիտակցի, որ մեր երկրում ամենամեծ խնդիրը ֆիզիկական անվտանգության խնդիրն է:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ պատերազմում պարտությունից հետո կոլապսային իրավիճակ է, ինչը նշանակում է, որ իշխանությունները տրվել են ինքնահոսի, այն իմաստով, որ անվտանգությունը կապահովի Ռուսաստանը, այսինքն՝ մենք ոչինչ չենք կարող անել, մենք խեղճ ենք, կառավարման համակարգը 0-ին մոտ էֆեկտիվությամբ է աշխատում, դա գալիս է նաև նրանից, որ ինչպես և նախկինում էր եղել, իշխանությունը չի դիտարկվել՝ որպես հանրության, պետության համար կաևոր խնդիրներ լուծելու համար, այլ դիտարկվել է, իրենց անձնական նեղ շահերը բարձր դասելով, ինչ-որ բաների հասնել: Ստրատեգիական կառավարում, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա չեմ տեսնում: Այս պայմաններում սպասել, որ իշխանություններից կգան ազդակներ, որ անվտանգության խնդիր կա, լուրջ է հարցը, մի քիչ միամիտ կլինի, իմ տպավորությամբ՝ չեն էլ գիտակցում դա, եթե գիտակցում են, ապա հստակ որոշել են, որ կա մի ուժ, որը դա անում է, հիմա էլ մտածում են՝ եթե Ռուսաստանը չլինի, ո՞վ կապահովի, ո՞ւմ կանչենք, «տղա կանչենք», և սրանով ամեն ինչ սահմանափակվում է»,- ասաց Հոկտանյանը: