«Ներողություն չեմ խնդրելու, թող տիկին Թովմասյանը խնդրի, որ իրականում ոչ թե եղել է թիմի անդամ, այլ իր թերթի թղթակիցը». Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» ասելու համար չի պատրաստվում պատգամավորից ներողություն խնդրել։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Լենա Նազարյանը։

«Նախ, ներողություն չեմ խնդրելու, տիկին Թովմասյանն ինքը պետք է ներողություն խնդրի, որ լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի անդամ և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այլ իր թերթի թղթակից։ Նա նիստերին մասնակցել է բացառապես այդ նպատակներով։ Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մտել ցուցակ, առաջին իսկ պահին դուռը մեր դեմքին շխկացնելու՝ հաջորդ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտներ քաղելու և այլ ցուցակ տեղափոխվելու համար»,- նշեց Լենա Նազարյանը։

Նա պնդեց՝ թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի նրա համար, որ լինելով «Իմ քայլում», պատերազմից հետո հայտարում է, թե պատասխանատվությունն իշխանությանն է, այն դեպքում, երբ ամբողջ պատերազմի ընթացքում նա նույնպես եղել է խմբակցության անդամ։

Լրագրողի հարցին՝ եթե, օրինակ, իրեն «իդիոտկա» անվանեին, ինչպե՞ս կարձագանքեր, դա նորմա՞լ է, Լենա Նազարյանը չպատասխանեց և անմիջապես հեռացավ։

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Աբովյանի դիահերձարանում զոհված տղաների դիերի և մասունքների ոչ պատշաճ պայմաններում պահելու խնդրին և դրա համար քննադատեց իշխանությանը, որից հետո Լենա Նազարյանը նրան անվանեց «իդիոտկա», կարծելով, թե խոսափողն անջատած է,  և իրեն որևէ մեկը չի լսում, սակայն դա լսեցին ոչ միայն դահլիճում նստածները, այլ նաև նիստի հեռարձակմանը  հետևողները։

Տեսանյութեր

Լրահոս