Ինչպե՞ս էին 1919 թվականին ադրբեջանցիները փորձում Զանգեզուրը բռնակցել Ադրբեջանին

1919 թվականի օգոստոսի 22-ի համաձայնությամբ Արցախը ժամանակավորապես դարձավ Ադրբեջանի մաս։ Ադրբեջանցի գործիչները շտապում էին ամեն ինչ անել, որպեսզի Արցախը դարձնեին Ադրբեջանի մշտական մաս։ Հասկանալի էր, որ Արցախն Ադրբեջանին կցելուց հետո հաջորդ փուլով ամեն ինչ արվելու էր, որպեսզի Զանգեզուրը ևս կցվի Ադրբեջանին։ Այդպես էլ եղավ, քանի որ Արցախի հարցը լուծելուց հետո Ադրբեջանի սպայական կազմն ու Արցախի ընդհանուր նահանգապետ Սուլթանովը սկսեցին գործի անցնել, որպեսզի Զանգեզուրի հարցը ևս լուծվի։

Մասնավորապես, Սիմոն Վրացյանն իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում մի բացառիկ նամակ է հիշատակում, որտեղ երևում է թուրք-ադրբեջանական ձեռագիրն ու նախագծերը` կապված Զանգեզուրի հետ։

Վրացյանը ծանոթագրություններում նշում է, որ գլուխը կազմելիս օգտվել է թիֆլիսյան մեկ աղբյուրից, ինչպես նաև զանգեզուրցի մտերիմ գործիչ Հ. Տերունու «Կառավարական օրգանները Զանգեզուրում» ձեռագիր աշխատությունից։ Վրացյանը օգտվել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակության դիվանի նյութերից։ 1919 թվականի փետրվարի 7-ի Ադրբեջանի սպայակույտի պետը իր գաղտնի մտքերն էր թելադրում Սուլթանովին.

«Ղարաբաղի հարցի խաղաղ կարգադրությունը հարկադրում է մտածել, որ Զանգեզուրի գավառի կցումը տեղի կունենա առանց զինված կռվի, որովհետև նրա հայ ազգաբնակչությունը, Նախիջևանի փլուզումից հետո, դրված է երկու կրակի մեջ և հազիվ թե համարձակվի դիմադրելու մեզ, առանց թիկունքում նախկին աջակցությունն ունենալու։ Սակայն և այնպես, Ղարաբաղի անդորրության ապահովումը եղել է ու կլինի մեր մշտական մտահոգությունը` Կամավորական բանակի և նրա բնական ու մնայուն դաշնակից Հայաստանի հետ ընդհարվելու պարագային։ Գործերի ներկա վիճակում Հայաստանը մեզ համար վտանգավոր չէ, բայց նման բարենպաստ կացությունը չի կարող երկար տևել, և մենք պետք է պատրաստվենք ավելի վատ դրության համար։

Ղարաբաղի վերջնական կորստի հետ հայերը չեն կարող հաշտվել, և անկասկած, կաշխատեն օգտագործել ամեն հարմար առիթ կորուստը հետ դարձնելու նպատակով։ Այդ բոլորը մեզանից կպահանջե, զորաշարժի դեպքում, զորքեր թողնել Խանքենդում, իսկ ապագայում նաև Գորիսում` հայերի վրա հսկելու համար։ Այդպիսով, Ղարաբաղը կարող է մեր ոչ մեծ բանակից բավական զգալի ուժեր գրավել ճակատից։ Սակայն, կան միջոցներ Ղարաբաղի պահպանության համար ո՛չ միայն դաշտային զորքերը չթուլացնելու, այլ ճակատի համար կենդանի ուժ էլ հանելու նրա խորքերը` թողնելով բավականաչափ զորամասեր Ղարաբաղի ընդհանուր նահանգապետության շրջանի կարգի ապահովության համար։

Այդ նպատակով հարկավոր է օգտագործել քրդական հիանալի մարտական ուժը, կազմակերպել նրանց հետևակ ու ձիավոր մասեր «համիդիե» գնդերի օրինակով, որոնց գործնական օգտակարությունը փորձված է թուրքերի կողմից վերջին պատերազմի ընթացքում։ Քրդական գնդերի անվեհեր գործունեության մասին փոքրասիական, պարսկական և Միջագետի ռազմաճակատներում` միաձայն խոսում են պատերազմի բոլոր մասնակցողները։

Քուրդ զորամասերի խաղաղ ժամանակի շարք ստեղծելու համար ենթադրվում է կազմակերպել քրդական ձիավոր գունդ և մի հրացանաձիգ գումարտակ, որը պատերազմի ժամանակ կվերածվի 4 գումարտակի։ Զինապարտ տարիքի քրդերը զինվորական պարտականություն կկատարեն իրենց մասերում, իսկ պատերազմի դեպքում կկազմվեն նոր մասեր էլ (երկրորդ և երրորդ հերթի գնդեր ու գումարտակներ), որոնց մի մասը կհատկացվի ռազմաճակատին, մյուսները կմնան Ղարաբաղում։

Քրդական զորամասերի կազմակերպությունը հանգամանորեն մշակելու համար անհրաժեշտ է առայժմ պարզել, թե որքան հետևակ ու ձիավոր մարտիկներ կարող են տալ քրդերը։ Հաղորդելով ձեզ այս մասին` խնդրում եմ ձերդ գերազանցության` հայտնել ձեր կարծիքը և հաղորդել խնդրված թվերը»։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 344-345):

Այս բացառիկ նամակ–նախագիծն արդեն իսկ ցույց էր տալիս, որ Ադրբեջանի նպատակն է Զանգեզուրը բռնակցել, որից հետո Սամուր գետից մինչև Արաքս գետ կհաստատվեր իրենց իշխանությունը։ Ադրբեջանցիներն այդ ամենը ցանկանում էին անել խաղաղ ճանապարհով, և հետագայում արդեն կտեսնենք, որ զանգեզուրցիներին փորձում էին բերել Արցախի օրինակը, որ պետք է բռնակցումը կատարվի խաղաղ ճանապարհով։

Քանի որ նրանք լավ հասկանում էին, որ զինված ճանապարհով Զանգեզուրի կցումը կարող է չստացվել։ Հետաքրքրական է, որ այդ շրջանում հայկական քաղաքական վերնախավը, զինվորականներն ու բնակչությունը քաջ գիտակցում էր Ադրբեջանի ծրագրերի մասին։ Պետք է ընդգծել, որ ժամանակակից թուրք-ադրբեջանական ծրագրերը կյանքի են կոչվում և շարժվում են առաջ այն նույն տրամաբանությամբ, որով նրանք գործում էին 100 տարի առաջ։ Նրանց ծրագրերը չեն փոխվել, նրանք շարժվում են նույն բանաձևով։ Փոխարենը՝ մենք չենք գիտակցում, թե իրականում ինչ է կատարվում։ Պարզապես հարկավոր էր ժամանակին կարդալ ու գոնե մի փոքր տեղեկություն ունենալ Հայոց պատմության մասին, և այդ դեպքում Հայաստանի Հանրապետությունում կապրեին քաղաքացիներ, որոնց ճնշող մեծամասնությունը նախապես կհասկանար մեր թշնամիների քայլերի հաջորդականությունը, նպատակն ու տրամաբանությունը։

Զ. Շուշեցի  

Տեսանյութեր

Լրահոս