«Սահմանը թողել են անտեր ու հրավիրում են ռուսներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդներին, ասում են՝ եկեք, վերահսկեք». Մենուա Սողոմոնյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին
Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ բաց առաջարկով է հանդես գալիս` ուղղված միջազգային հանրությանը, նաև Ադրբեջանի կառավարությանը։
«Առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:
Դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ-ն ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»,- իր խոսքում ասել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում «5165» շարժման հիմնադիր անդամ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այս առաջարկին բացասաբար է վերաբերվում։
«Նիկոլ Փաշինյանն այս առաջարկը որակում է՝ որպես փոխշահավետ։ Եթե Ադրբեջանի տեսանկյունից ենք նայում, գուցե առաջարկը նրանց համար շահավետ լինի, քանի որ ներխուժում են ՀՀ տարածք և ինչ-որ օրակարգ են թելադրում, և մենք ստիպված մտնում ենք այդ օրակարգի մեջ՝ հրավիրելով օտարերկրյա զինված ուժերի, ասում՝ եկեք, մեր տարածքը պահեք։ Բա մեր կողմից շահավետությունն ինչո՞ւմն է։ Հստակ կարող եմ ասել, որ շահավետությունը Նիկոլ Փաշինյանի համար պայմանավորված է սեփական խղճուկ իշխանության պահպանման հրամայականով։ Սրանով փորձում է ժողովրդին ցույց տա, թե՝ տեսա՞ք, ժողովուրդ ջան, ինչպես այս հարցը լուծեցի»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ պետության տեսակետից Նիկոլ Փաշինյանի առաջարկը պետության համար թիվ մեկ ցուցիչն է։ Պետությունը ձախողված է այն դեպքում, երբ կազմակերպչական առումով չի կարողանում ապահովել իր անվտանգությունը։ Մենուա Սողոմոնյանը նկատի չունի անվտանգությունն ապահովել բացարձակ առումով, քանի որ այսօր շատ քիչ պետություններ կան, որոնք ինքնաբավ են անվտանգության տեսանկյունից, իսկ մյուսները դիմում են դաշինքների և այլն, սակայն իրենց անվտանգության ապահովումն ի վերջո կարողանում են իրականացնել։ Իսկ Հայաստանի դեպքում իրականացվում են հուսահատ քայլեր, նույնիսկ երկրի ղեկավարն ասում է՝ կա՛մ Ռուսաստանն իրականացնի դիտորդական առաքելություն, կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Անցած ամիսների ընթացքում ամրակայման աշխատանքներ իրականացնելու, սահմանագիծ ձևավորելու, այնտեղ զինվորներին տեղակայելու փոխարեն՝ սահմանը թողել են անտեր ու հրավիրում են ռուսներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդներին, ասում են՝ եկեք՝ վերահսկեք։ Օրինակ, ինչո՞ւ Տավուշի հատվածում նման ներթափանցում տեղի չի ունենում, որովհետև այնտեղ սահման կա կառուցված, ամրաշինական աշխատանքներ են արել։ Քանի՞ դիտորդ պետք է կանգնի, ինչպե՞ս պետք է կանգնի, կարծեմ՝ այդ սահմանի երկարությունը 200 կիլոմետր է։ Հայ-ադրբեջանական սահմանի որոշման ցանկացած ակտ պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի հարցի կարգավորման համատեքստում։ Այսինքն՝ հայ-ադրբեջանական սահմանագծումը պետք է Արցախի կարգավորման փաթեթի մեջ լինի»,- հավելեց Մ. Սողոմոնյանը։
Շարունակելով միտքը, Մենուա Սողոմոնյանը նկատեց՝ եթե երկու գործընթացներն իրարից անջատ են դիտարկում, ապա ստացվում է այնպես, որ հայկական կողմը, այսպես ասած, հրաժարվելու է Արցախից։
«Եթե Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմաններով ենք սահմանագծում անում, ապա ընդունում ենք, որ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի մաս։ Նման մոտեցումը խիստ դատապարտելի է, նման բան չի կարող լինել։ Ներկայիս իշխանությունից սպասելի է, դրա համար վերջերս մենք դուրս էինք եկել, ժողովրդին զգոնության կոչ էինք անում, պահանջում, որպեսզի ներկայիս իշխանությունը չստորագրի որևէ փաստաթուղթ ՀՀ անունից, քանի որ նրանք դրա քաղաքական լեգիտիմությունը չունեն, վստահություն չունեն ժողովրդի շրջանում»,- շեշտեց Մ. Սողոմոնյանը։
Ըստ մեր զրուցակցի, ՀՀ սուվերեն տարածքի պաշտպանությունը պետք է Հայաստանը սեփական միջոցներով իրականացնի, եթե թշնամին սահմանը հատեր զինտեխնիկայով, ապա այդ դեպքում Հայաստանը կարող էր դիմել համապատասխան փոխօգնության պայմանագրերով ռազմավարական դաշնակցին։ Սա տարրական հարց է, երբ այսօր հանցավոր անգործության արդյունքում առաջնագիծ ձևավորված չէ, թշնամու զինվորը քայլելով, ձեռնամարտի բռնելով՝ մտնում է ՀՀ սուվերեն տարածք։
Մենուա Սողոմոնյանի բնորոշմամբ՝ սա իշխանության անկարողության ամենավերին մակարդակն է։
Այս համատեքստում նա անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ում կան «անդրբեջանական տարածքներ և անկլավներ», որոնք հայկական զինված ուժերի հսկողության տակ են։ Նրա բնորոշմամբ՝ այս ամենը ցույց է տալիս իշխանության իրական դեմքը, որ երկրի ղեկավարման ղեկին նստած են ապազգային տարրեր։
«Ապիկար մարդիկ են, ովքեր մեր երկրի տարածքների, բնակավայրերի հետ կապված ասում են, թե ադրբեջանական են։ Նման մարդ Ադրբեջանում չեք գտնի, նրանք ՀՀ ամբողջ տարածքն են ասում՝ ադրբեջանական է։ Այդ մարդն առնվազն մեկ ժամ հետո պետք է պաշտոնանկ արվեր։ Բայց քանի որ նա Նիկոլ Փաշինյանի մերձավոր մարդկանցից մեկն է, ինքն իր տեղում է, չզարմանաք, որ մի օր էլ ասի, թե Իջևանն էլ է ադրբեջանական։ Այս ամենին ինչպե՞ս կարող ենք գնահատական տալ, լավագույն գնահատականը պետք է լինի այն, որ այս իշխանությունների իրական դեմքը ժողովրդին պարզ ու մատչելի ներկայացվի, որպեսզի նրանց վերադարձ այլևս տեղի չունենա, և մենք այլևս նման օրակարգի առջև չկանգնենք։ Եթե մենք ասում ենք՝ սրանք ադրբեջանական հողեր են, բա ադրբեջանցի՞ն ինչ կասի, եթե իշխանությունը, որն անվտանգության երաշխավորն է, նման բան է ասում, նրանք կասեն ու կասեն»,- ընդգծեց Մենուա Սողոմոնյանը։