Բաժիններ՝

Ճապոնացի բժիշկները նախազգուշացրել են «օլիմպիական» COVID շտամի հայտնվելու ռիսկի մասին

Աշխարհի տարբեր ծայրերից Տոկիոյի Օլիմպիական խաղերին ժամանող մարդկանց զանգվածային կուտակումը կարող է լրջորեն բարդացնել համաճարակաբանական իրադրությունը եւ նույնիսկ սպառնում է COVID-19-ի նոր «օլիմպիական» տիպի առաջացմանը: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի բժիշկների միության ղեկավար Նաոտո Ուեյաման։

«Վիրուսի բոլոր տարատեսակ մուտանտային շտամները, որոնք գոյություն ունեն տարբեր վայրերում, կկենտրոնանան, կհավաքվեն այստեղ՝ Տոկիոյում:

Մենք չենք կարող բացառել նույնիսկ նոր շտամի հնարավորությունը, որը կառաջանա Օլիմպիական խաղերից հետո»,-մամուլի ասուլիսից նրա խոսքը մեջբերում են ԶԼՄ-ները:

Նա հիշեցրել է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերին, ըստ պլանների, կժամանեն մոտավորապես 200 երկրների եւ միջազգային իրավունքի այլ սուբյեկտների ներկայացուցիչներ: Ճապոնիայում առաջա պես մեծ են երկյուղները 2020 թվականի Օլիմպիական խաղերի անվտանգության կապակցությամբ, որոնք մեկ տարով հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ հասարակական կարծիքի հարցումները ցույց է տալիս, որ ճապոնացիների մեծամասնությունը դեմ է հանդես գալիս այս ամռանը Խաղերի անցկացմանը՝ կորոնավիրուսի չորրորդ ալիքի դեմ պայքարի եւ պատվաստման դանդաղ տեմպերի ֆոնին. COVID-19-ի դեմ Ճապոնիայում առայժմ պատվաստում է ստացել բնակչության 5 տոկոսից փոքր-ինչ ավելին:

Ավելի վաղ Asahi Shimbun թերթը՝ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի պաշտոնական գործընկերը, կոչ է արել Ճապոնիայի կառավարությանը՝ խաղերը չեղարկել երկրում կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ: Դրա հետ մեկտեղ Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ջոն Քոութսը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերը կկայանան, նույնիսկ եթե Տոկիոն մնա արտակարգ դրության վիճակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս