Բաժիններ՝

Ապօրինի հրազենից կրակոցներ Դիլիջանում

Մայիսի 19-ի երեկոյան Դիլիջանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները տեղեկություն ստացան, որ Դիլիջանի Հակոբջանյան փողոցում մի խումբ անձինք վիճել են։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը հրազենով կրակոցներ է արձակել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ հայտնաբերեցին 9 մմ տրամաչափի պարկուճներ, արնանման հետքեր և այլն։ Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում խուլիգանության ու ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով միջադեպի մասնակիցների ինքնությունն ու բնակության վայրերը։

Զուգահեռ իրականացվեցին նաև քննչական գործողություններ։ Ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողների համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ ապօրինի հրազենից կրակոցներն արձակել է Երևանում բնակվող 39-ամյա մի տղամարդ։ Հետագա միջոցառումների շնորհիվ մասնակիցների մի մասը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Դիլիջանի բաժին, ապա ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Մասնակիցների մի մասն էլ, այդ թվում՝ կրակոցներ արձակելու մեջ կասկածվող տղամարդը, իրավապահներին ներկայացան բացատրական աշխատանքի շնորհիվ։ Կրակոցներ արձակելու մեջ կասկածվողը հետը բերել էր նաև «Մակարով» ատրճանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Միջադեպի մասնակիցներից մի քանիսը կալանավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս