Ոստիկանությունը խոստանում է մշտապես ուշադրության կենտրոնում պահել Քարերի սիմֆոնիան»
ՀՀ ոստիկանությունը պատասխանել է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության նամակին՝ կապված «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից քարերի տեղափոխման հետ: Նոյեմբերի 29-ին նախաձեռնությունը քարերի ոչնչացման մասին պատմող տեսանյութ էր տարածել: Այնուհետև քաղաքացիական նախաձեռնությունը նամակով հորդորել էր ոստիկանությանը իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետաքննություն՝ հաշվի առնել նախաձեռնության կողմից ներկայացված տեսանյութը, որտեղ երևում են իրեղեն ապացույցները (լոմ, բեռնատար ավտոմեքենայի հետքեր, բնության հուշարձանի բազալտե սյուների վրա գործիքի հետքերը): Ի պատասխան նամակի՝ ՀՀ ոստիկանությունը նշել է, որ քննությունը շարունակվում է.
«Ոստիկանության պետի ցուցումով «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում պարեկային ծառայության երթուղիներն այնպես կկազմակերպվեն, որ հուշարձանը մշտապես լինի ուշադրության կենտրոնում և հսկողության տակ, քննարկվում է նաև մոտ ժամանակներս նույն նպատակով հուշարձանի շրջակայքում արգելաշերտ ստեղծելու խնդիրը: Չնայած այս ամենին՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծել նաև տարածքին համապատասխան կարգավիճակ տալու հարցը:
Ինչ վերաբերում է անցած տարիներին բնական հուշարձանի քարերով շինություններ կառուցելու վերաբերյալ ահազանգին, ապա ոստիկանությունը համալիր միջոցներ է ձեռնարկում օրինազանցներին հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն այսօր ոչ պակաս կարևոր է առաջիկայում նման գործողությունները բացառելու անհրաժեշտությունը, և այդ գործում ոստիկանությունն ակնկալում է հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունը, մասնավորապես՝ բնապահպանների օգնությունը, որոնց դերը ինչպես բնության պահպանության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում անուրանալի է»,- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: