«Ողջամիտ լուծումներ չլինելու դեպքում պիտի մտածենք մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայկական կողմը շարունակելու է խորհրդակցությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, ՌԴ-ի հետ, քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի երկկողմ անվտանգային համագործակցություն։ Խորհրդակցությունների մեջ են նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
«Այսօր Իրանի արտգործնախարարն էր Հայաստանում, մենք բովանդակային շատ լուրջ քննարկումներ ենք ունեցել, և այո՛, պետք է արձանագրել, որ մեր հետպատերազմյան անվտանգային համակարգը հիմա շատ լուրջ փորձություն է ապրում։ Այս փորձությունը պետք է հաջողությամբ հաղթահարվի։ Համոզված ենք, որ այս փորձությունը ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական անվտանգային համագործակցությունը հաջողությամբ կհաղթահարեն։ Արդեն ասել եմ, որ Պաշտպանության նախարարը լինելու է Մոսկվայում, հանդիպումներ և քննարկումներ է ունենալու ՌԴ պաշտպանության նախարարի հետ։ Մենք հստակ արձանագրում ենք մեկ բան, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մեր տարածքից պետք է դուրս գան։ Քանիցս արդեն ասել են, որ ամեն-ամեն ինչ անում ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու համար, բայց ողջամիտ լուծումներ չլինելու դեպքում մեր տարածքային ամբողջականությունը, ինքնաիշխանությունը պաշտպանելու մասին պիտի մտածենք»,- նշեց Ն. Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն են հայկական կողմին հորդորում, որպեսզի քաղաքական եղանակներով հարցը լուծեն։
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակով պայմանավորված ռազմական դրություն մտցնելուն, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Ռազմական դրություն կարող է մտցվել, Աստված մի արասցե, իրավիճակի կտրուկ սրման դեպքում։ Մենք հույս ունենք, որ իրավիճակը ոչ միայն կտրուկ չի սրվի, այլև կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք։ ՌԴ նախագահը, կարծեմ, նաև հրապարակային հայտարարել է և մեզ հետ, ինձ հետ աշխատանքային քննարկման ժամանակ ասել, որ ՌԴ դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում