«Սա այն հարցը չէ, որի բանալին կարող է լինել մեկը». Ռոբերտ Քոչարյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին
«Ես ցանկություն չունեմ մեկնաբանել Առաջին նախագահի հայտարարությունները: Ես տասը տարի եղել եմ ՀՀ նախագահ, և համանախագահների կողմից չի եղել որևէ մեկ առաջարկ, որը ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը: Սա փաստ է: Բոլոր այդ տասը տարիների ընթացքում բոլոր առաջարկներին մենք ասում էինք՝ «ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել»: Ադրբեջանն այդ առաջարկները կտրականապես մերժում էր: Սա լավագույն պատասխանն է Առաջին նախագահի նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով 168.am–ի հարցին՝ արդյո՞ք համաձայն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդմանը, թե ղարաբաղյան կարգավորման բանալին Ռուսաստանի Դաշնության ձեռքում է:
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ պարզունակություն է մտածելը, թե ղարաբաղյան հարցն այն հարցերից է, որի բանալին մեկն է ու դրված է մեկ տեղում:
«Սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկը: Ուղղակի շատ պարզունակ մեկնաբանություն է: Չի՛ լինում այդպես: Ուղղակի չի՛ լինում: Կան կոնֆլիկտի կողմեր, կա ներգրավված կողմ, կա եռանախագահություն, և կա Ռուսաստան: Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես այս վերջին իրադարձությունների կտրվածքով: Բայց մտածել, որ բանալին մեկ տեղում է դրած, ուղղակի չափից դուրս և իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»,- հակադարձեց Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում