Բաժիններ՝

«Այս պահին ավելի շատ միաբանության, ազգային արժեքների շուրջ համախմբվելու կարիք ունենք». Տեր Վրթանես Բաղալյան

168.am-ի հետ զրույցում Օձունի և ենթաշրջանների հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ասաց, որ այսօր մեծ ցավ են ապրում՝ տեսնելով, թե ինչ վիճակում է հայտնվել երկիրը։

«Հոգևորական լինելուց զատ, ես այս երկրի քաղաքացի եմ, և հայրենիքի կորստի վտանգը մեզ համար էլ է ծանր։ Ցավոք, մեր պատմական բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, քաղաքներ ու գյուղեր հայտնվել են օտարի տիրապետության տակ, օրինակ՝ Հադրութը, որտեղ երբեք ադրբեջանցիներ չեն ապրել, այսօր հայ չի ապրում։ Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքներն են թշնամու օկուպացիայի տակ։ Ազգի մոտ այսօր բարոյալքված վիճակ կա, ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարողանում երկրի ղեկավարումը, պաշտպանությունը պատշաճ կազմակերպել, ապահովել ժողովրդի անվտանգությունը, որի հետևանքով մենք էլ հայտնվել ենք այս ցավալի վիճակի մեջ»,- նշեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Ըստ նրա, այսօր հոգևոր դասն էլ է փորձում ելքեր փնտրել, փորձում է միասնականություն ու միաբանություն քարոզել, նաև ակնհայտորեն տեսնում են, որ, ցավոք, մարդիկ կան, որոնց համար իրենց աթոռը, դիրքը, կուսակցական դիրքն ավելին է, քան ազգն ու հայրենիքը։

«Մենք ազգին միաբանության, սիրո կոչ ենք անում։ Պետք է կարողանանք միաբանությամբ ու սիրով այս դժվարությունը հաղթահարել՝ ազգովի։ Այս պահին ավելի շատ միաբանության կարիք ունենք, ազգային արժեքների շուրջ համախմբվելու կարիք ունենք»,- հավելեց քահանան։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Հայաստանի  հոգևոր առաջնորդի շուրջ համախմբվելուն, քահանան նկատեց՝ ցավոք, վերջին շրջանում, մասնավորապես՝ վերջին երեք տարիներին, եկեղեցին և կաթողիկոսի անձը թիրախավորված են։

«Ապազգային տարրերի, դրսի գործակալական ցանցերի կողմից Վեհափառ հայրապետի անձը, եկեղեցին թիրախավորված են։ Իրենք գիտեն, որ եկեղեցին շատ ազգային կառույց է, և որպեսզի այդ կառույցը ջլատեն, թուլացնեն, գնում են նման վատ քայլերի՝ վատաբանելու, քայքայելու»,- շեշտեց Տեր Վրթանեսը։

Ինչո՞ւ ազգն ու հայրենիքը հայտնվեցին նման իրավիճակում, այս հարցը քահանան հաճախ է տալիս, ու ըստ նրա՝ պատճառները շատ են, առաջին հերթին՝ ազգի անմիաբան լինելը։

«Մենք հեռացել ենք ազգային, հոգևոր հարցերից, նաև նյութամոլ ենք դարձել։ Ստեղծված իրավիճակի պատճառները շատ են, որոնց արդյունքում ցավալիորեն մենք հայտնվել ենք այս իրավիճակում։ Ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությունն այս վիճակից մեզ դուրս բերելու համար անկարող է։ Հուսանք, գոնե ընտրություններից հետո իրավիճակը կկարգավորվի և ամեն ինչ նորմալ կլինի  Աստծո հաջողությամբ, եթե ընտրության ժամանակ մենք ճիշտ ընտրություն կատարենք։ Եթե իսկապես ընտրությունը ճիշտ կատարենք, արդյունքում կունենանք նոր իշխանություններ, որոնք այս պարտվողական համաձայնագիրը չեն ստորագրել և կփորձեն այս իրավիճակից երկիրը դուրս բերել։ Կարծում եմ՝ռազմաքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը կարող է լինել ընտրությունը, ցավոք, ծանր վիճակում ենք, բայց հուսամ՝ կկարողանանք դուրս գալ»,- եզրափակեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս