«Հողակտոր եմ ուզում վերցնել. բանկ գնում եմ՝ ասում են, թե՝ Արցախի գրանցում է, քեզ վարկ չի հասնում, անգամ ապառիկ չեն տալիս»
2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով օկուպացվել, ապա հայաթափվել է նաև Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղը։
Հայրիյանների ընտանիքը կորցնելով ամեն ինչ՝ վարձով բնակվում է Արագածոտի մարզի Ձորափ գյուղում։ Ընտանիքի հոր՝ Վահրամի խոսքով, ուզած-չուզած, ամեն ինչ զրոյից են սկսում, սակայն անընդհատ խնդիրների են բախվում:
«Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հողակտոր եմ ուզում վերցնել, բայց ջրի խնդիր կա. չենք կարողանում այդտեղ հասցնել, իսկ մենք ելակ ենք ուզում աճեցնել: Մեկ օր էլ եթե ջուր չլինի՝ հնարավոր է՝ ամբողջ բերքը փչանա, հետևաբար՝ անհրաժեշտ է կաթիլային ոռոգման համակարգ տեղադրել, որի համար գումար է պահանջվում: Դիմել ենք բանկերին, սակայն վարկ չեն տրամադրում: Որ բանկ գնում ենք՝ ասում են, թե՝ քեզ վարկ չի հասնում: Անգամ ապառիկ չեն տալիս: Դիմեցինք ՎՏԲ-Հայաստան բանկ, պատասխանեցին, թե՝ Արցախի գրանցում է, չենք տրամադրում: Իսկ իմ հույսն այս հողն է, 5 երեխայիս սրանով կկարողանամ ապահովել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե կա՞ ինչ-որ աջակցության ծրագիր արցախցիների համար, գուցե էժան վարկ տրամադրեն: Մեր հարցին պատասխանեցին, որ իրենք նման ծրագիր չունեն: