«Նիկոլը Հայաստանում նստած ներկայացնում է Ադրբեջանը՝ ժամանակին ասում էր, իզմ-երին դեմ է, բայց այսօր երկրում նիկոլիզմ է գնում». Վազգեն Սիսլյան
«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանի և առհասարակ Հայաստանի համար առաջացած խնդիրները լուծելու համար առաջին քայլը, որը պետք է անի ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։
«Ստեղծված իրավիճակը շատ լավ հասկանում եմ, անհանգիստ եմ, չի կարելի հայրենիքի հետ այսպես վարվել։ Կարծում եմ՝ մեր պարոնը, որն արդեն վարչապետն էլ չէ, այլ վարչապետի պաշտոնակատար, իրավունք չունի որևէ պայմանագիր ստորագրելու։ Ասում եմ՝ այդ պարոնը ինչ ասում է, խոսում է, ամեն ինչ անում է՝ Ադրբեջանի շահերից ելնելով, մոռանում է, որ ինքը ՀՀ վարչապետն է։ Նիկոլը Հայաստանում նստած՝ ներկայացնում է Ադրբեջանը, այսքանն արդեն շատ բանի մասին է խոսում։ Թող որևէ մեկն ինձ չասի, որ նա հայրենասեր է կամ պետականամետ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սիսլյանը։
Նա ընդգծեց, որ արդեն ժամանակն է, որպեսզի խելքի բերվի բանակը, նրա գործողությունները ճիշտ կազմակերպվեն։
«Մեր սպաները պետք է ճիշտ լինեն, չեմ ասում, որ բոլորը վատն են, բայց շատերն անպատասխանատու են։ Հուսամ, որ ամեն ինչ կկարգավորվի, տպավորություն է, որ մենք խաղում ենք՝ թշնամին մտնում է մեր տարածք, ծեծում ենք, հետո իրենք են մեզ ծեծում, այդպես չպետք է լիներ, պետք է թշնամուն անմիջապես հեռացնել։ Այսօր, դժբախտաբար, բոլոր կողմերից պայքարը մեկ խնդրի է վերաբերում, թե ով կշահի աթոռը, ամեն ինչ մոռացել ենք ու կենտրոնացել ենք արտահերթ ընտրությունների վրա, կարծում եմ՝ սա հերթական խաղն է»,- հավելեց Վ. Սիսլյանը։
Ըստ նրա, ճիշտ է, նման իրավիճակում նպատակահարմար չէր գնալ արտահերթ ընտրությունների, սակայն մյուս կողմից էլ, եթե ընդդիմությունը չի կարողանում Նիկոլ Փաշինյանին հեռացնել պաշտոնից, պետք է լինեն ընտրություններ։
«Ընդդիմությունը չի կարողանում այդ պարոնին՝ գի՞ժ ասեմ, հիվա՞նդ ասեմ, դուրս հանեն, միակ միջոցը մնում է արտահերթ ընտրությունները։ Տեսեք՝ մեր հայրենիքը ինչ վիճակում է, ու մենք ինչ ենք մտածում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Իրավիճակի այսպես շարունակվելու դեպքում՝ Վազգեն Սիսլյանը վատ հետևանքներ է կանխատեսում։
«Ես չեմ ուզում չափազանցնել, բայց երբեք չեմ ուզում տեսնել Հայաստանը Ադրբեջանի մեկ նահանգ դարձած։ Հիմա մեր խնդիրն այն է, որ պայքարենք, որպեսզի այդ մարդը չլինի, ով ուզում է՝ լինի իշխանության գլխին, բայց ոչ այդ մարդը՝ անշուշտ, իր ամբողջ հետևանքներով՝ նկատի ունեմ իր թիմին։ Այսօրվա խորհրդարանը կախված է մեկ մարդու որոշումից, նա ասում է՝ նա անում է, որևէ հարցի շուրջ քննարկում չի ընթանում։ Ինչ հարմար է, այդ պարոնը գալիս ներկայացնում է, ու խորհրդարանում 80 տոկոսանոց ոչխարները ձայն են տալիս, երկիրն այդպես չեն ղեկավարում։ Նիկոլը ժամանակին ասում էր, որ ինքը իզմ-երին դեմ է, բայց այսօր երկրում նիկոլիզմ է գնում։ Ինչևէ, հույս ունեմ, որ ամեն ինչ շուտով կավարտվի»,- եզրափակեց Վազգեն Սիսլյանը։