«Բանավոր որևէ քննարկում, որևէ տարածքի հանձնման կամ փոխանակման վերաբերյալ չի եղել». Ռուբեն Ռուբինյանը՝ Տիգրանաշենի և Տավուշի գյուղերի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արած հայտարարությանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մայիսի 20-ին ասել էր, որ Հայաստանն ունի Խորհրդային Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք այսօր գտնվում են հայկական զինուժի վերհսկողության տակ, և՝ հակառակը։

Ըստ Ռուբեն Ռուբինյանի, դելիմիտացիան և դեմարկացիան պետությունների միջև սահմանների ճշգրտումներն են, և հնարավոր են տարբեր իրավիճակներ։

«Դելիմիտացիան և դեմարկացիան շատ երկար գործընթացներ են, ընդ որում, առաջարկվող նախագծով, որը տարածվել է համացանցում, վերջին կետով ֆիքսում ենք, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես դիվանագիտական, քաղաքական ճանապարհով»,- նշեց պատգամավորը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հաշվի առնելով՝ հնարավո՞ր է՝ որոշակի գյուղեր անցնեն թշնամու վերհսկողության տակ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց.

«Ընդհանրապես ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ խորհրդային ժամանակներում, Խորհրդային Հայաստանն ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, և՝ հակառակը։ Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում այդ դելիմիտացիայի շրջանակներում, կամ կարող են չդառնալ, կարող են ստանալ այս կամ այն լուծումը։ Բայց այստեղ կարևոր է տարբերակել, որ պետք չէ ստանալ տպավորություն, որ, եթե մեր պայմանները բավարարվեն, և այդ հանձնաժողովը ստեղծվի, ապա դա նշանակելու է, որ տեղի ունեցավ դելիմիտացիա և դեմարկացիա, ոչ, դա նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում, և վերջ»։

Պատգամավորը որպես օրինակ՝ կրկին վկայակոչեց Վրաստանը՝ նշելով, որ Հայաստանն ու Վրաստանը տարբեր տեղերում իրենց սահմանը չեն դեմարկացրել, և այդ գործընթացը շարունակվում է։

«Հանձնաժողով կարող է ստեղծվել, եթե հայկական կողմի պայմանը կատարվի, այն է՝ ադրբեջանական զորամիավորումների անհապաղ և առանց նախապայմանների լքումը  ՀՀ ինքնիշխան տարածքից։ Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ ՀՀ տարածքից այս ենթադրվելիք ստորագրվող փաստաթղթով որևէ տարածք չի զիջվելու։ Բանավոր որևէ քննարկում՝ որևէ տարածքի հանձնման կամ փոխանակման վերաբերյալ, չի եղել»,- հավելեց Ռ. Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին՝ թե Տիգրանաշենի և Տավուշի գյուղերի մասին որևէ պայմանավորվածություն եղե՞լ է։

Միաժամանակ նա ընդգծեց, թե փաստն այն է, որ ադրբեջանական կողմը հայկական տարածքից դուրս չի եկել, ըստ այդմ էլ իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում անփոփոխ է։

«Եթե իրավիճակն անփոփոխ է, ապա այն շարունակում է մեզ համար մնալ անընդունելի, և մենք շարունակելու ենք բոլոր մեզ հասու մեխանիզմների գործարկումը։ Ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ տարածքը»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս