Շուռնուխի և Որոտանի բնակիչների տներն ադրբեջանցիների կողմից խլելու հիմքով քրեական գործ կհարուցվի. փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարել է Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքների բնակիչների նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած ոտնձգությունների, ինչպես նաև նրանց տները խլելու փաստերի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ Արամ Օրբելյանի ներկայացրած բողոքը: Այս տեղեկությունը 168.am-ին փոխանցեց քաղաքացի հայցվոր Արամ Օրբելյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, ինչպես նաև «GPS»-ով ադրբեջանական կողմի իրականացրած սահմանազատման հետևանքով Շուռնուխ և Որոտան համայնքների որոշ տներ, Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մասն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Արամ Օրբելյանը՝ որպես ֆիզիկական անձ, դեռ 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Շուռնուխ-Որոտան բնակավայրերի տների նկատմամբ զինված անհայտ անձանց, ըստ էության, հակառակորդի իրականացրած ավազակային հարձակման, ոտնձգությունների փաստի առթիվ։ Ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Արամ Օրբելյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ դրանից հետո բողոք էր ներկայացրել դատախազություն՝ վիճարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչը ևս մերժվել է։ Դատախազը բողոքը մերժել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածով, որը նախատեսում է տարածքային ընդդատության հարցը:

Այս հիմքով էլ դիմել էին առաջին ատյանի դատարան, որտեղ մայիսի 18-ին գործի քննության ընթացքում բողոքաբեր կողմը հայտնել էր, թե իրենց ներկայացրած հիմքերը և առիթները բավարար էին քրեական գործի հարուցման համար:

«Ե՛վ քրեական օրենսդրության, և՛ Քրեական դատավարության սկզբունքներին նաև այստեղ ավելանում է ՀՀ պետական շահը միջազգային իրավունքի սկզբունքների համատեքստում, որովհետև, եթե առանձին քրեական գործի նպատակը կարող է լինել անձին պատասխանատվության ենթարկելը, այս դեպքում նաև ՀՀ շահն  է, նաև պատերազմական իրավիճակում կամ պատերազմական հանցագործությունների միջազգային իրավական գնահատականին հասնելը: Ճիշտ հասկանանք, եթե վաղը-մյուս օրը մենք այս հարցը փորձենք բարձրացնել միջազգային ատյաններում, կարող են արձագանքել, որ «նույնիսկ Ձեր իրավապահ մարմինները այստեղ հանցագործության հատկանիշներ չեն տեսել, ինչի՞ մասին եք խոսում»»,- դատարանում ասել էր Հովհաննես Խուդոյանը:

Տեսանյութեր

Լրահոս