«Տեղի է ունենում Հայաստանի սողացող բռնազավթում». Վարդան Ոսկանյան
«Տեղի է ունենում Հայաստանի սողացող բռնազավթում, երբ ադրբեջանցի բաշիբոզուկները անարգել հայտնվում են մեր ինքնիշխան տարածքում, ընդ որում, այնպիսի վայրերում, որոնք մեզ համար ունեն շատ դեպքերում կենսական նշանակություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը փոփոխություններ չի կրել, բայց ՀՀ տարբեր հատվածներում գտնվում է մոտավորապես 500-600 ադրբեջանցի զինվոր, Վարդան Ոսկանյանը հետևյալն ասաց.
«Ի՞նչ ասել է՝ իրավիճակը չի փոխվել: Եթե 250-ից ադրբեջանցի բաշիբոզուկների թվաքանակը հասել է 600-ի, ապա ակնհայտ է, որ տեղի է ունեցել այդ բռնազավթված տարածքների բռնազավթման ավելի ուժեղացում. Աստված գիտե, թե ինչ է տեղի ունենում իրականում, և արդյո՞ք մենք պետք է հավատանք այս ամբողջ տեղեկատվությանը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ պարբերական բնույթ է կրում ստի և կեղծիքի քարոզչության ազդեցությունը մեր հասարակության վրա, որը, ի դեպ, բերում է նրան, որ Հայաստանից դուրս մեր գործընկերներն էլ դժվար ընկալեն, թե ինչ է տեղի ունենում մեր սահմանների երկայնքով, և, ցավալիորեն, արդեն իսկ սահմաններից ներս»:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ասել է, որ եթե փաստաթուղթը հակահայկական է, ինչո՞ւ է դրա 90 տոկոսը սևով ծածկված ներկայացվում: «Պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ՝ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, և ինչքան վերլուծում եմ, ես հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այն լուծումները, որոնց մասով այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնություններ, 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին:
Փաշինյանը նաև ընդգծել է. «Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին: Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան, և այլն, և այլն»:
Փաշինյանի այդ հայտարարության վերաբերյալ Վարդան Ոսկանյանն ասաց, որ եթե փաստաթուղթը 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, ապա պետք է գաղտնազերծվի, և դրա բովանդակությանը ծանոթանա մեր ողջ հասարակությունը. «Եթե դա ամբողջովին հայանպաստ փաստաթուղթ է, ապա բոլորովին կարիք չկա դրա բովանդակությունը գաղտնի պահել, ընդ որում՝ դրժելով այն խոստումը, որը տվել է հանրային տիրույթում, և արդեն քանիցս դրժվել է այդ խոստումը: 30 տարվա ընթացքում, երբ մենք որպես հաղթական պետություն էինք հանդես գալիս, չեմ հիշում դեպք, որ Ադրբեջանից որևէ մեկը ծպտուն հանի սահմանազատման մասին, այլ ընդհակառակը, պարբերաբար սպառնալիքներ էին հնչում առ այն, որ Ադրբեջանը հետ է բերելու Արցախը և իրենց եզրաբանությամբ՝ իրենց բոլոր տարածքները: Հիմա ինչո՞ւ այսպիսի շտապողականություն դրսևորել: Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը ունի հստակ նախանշված նպատակ՝ հասնել նրան, որպեսզի բացառվի (այդ վախերը նրա մոտ երևում են յուրաքանչյուր ելույթում) իր եզրաբանությամբ՝ հայկական ռևանշը, և այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախումբը, ըստ էության, գնում է այդ ճանապարհով, որպեսզի բացառի մեր պետության վերականգնումը, հնարավոր ապագա հաղթանակները՝ ամրագրելով այն խայտառակ և ամոթալի վիճակը, որ այժմ մենք ունենք մեր սահմանների ողջ երկայնքով, և որի պատասխանատուն և միակ մեղավորը հենց այդ ապաշնորհ վարչախումբն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում