Հայաստանը՝ միջազգային աճուրդում
Հայաստանի ղեկավարը Հայաստանի իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նիստում ուղիղ եթերով հայտարարում է հերթական հակահայկական փաստաթուղթը ստորագրելու մասին։ Հայտարարում է մի քանի տասնյակ մարդկանց լուռ ու անդեմ ներկայությամբ, հայտարարում է ի լուր այդ փաստաթղթի իրական շահառուների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, նաև Ռուսաստանի, բայց նաև ի լուր հայ հասարակության։ Հայտարարում է ու անցնում աշխատանքային հաջորդ պարտականությունների կատարմանը։
Հայաստանը Նիկոլ Փաշինյանի համար վերածվել է ատելի նախկիններից մնացած ժառանգության, որը նա կտոր-կտոր մսխում է անհույս խաղամոլի նման։ Բայց իրավիճակի ողբերգականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ չի իրականացնում հայաստանավաճառության իր գործողությունները, այդ հարցում նա ունի խաղընկերներ։ Նիկոլ Փաշինյանը դա անում է քաղաքական դաշտ կոչվածի գրեթե կատարյալ լռության պայմաններում։
Քաղաքական դասը, որն այս օրերին զբաղված է վերջացող պետության իշխանության համար մղվող պայքարով, սահմանափակվում է երրորդական նշանակության դեմքերի ծղրտուն դատապարտումներով՝ կանաչ ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի համար՝ Հայաստանի թշնամիների վաղեմի երազանքներն իրագործելու ճանապարհին։ Հայաստանն իրականում որևէ մեկին չի հետաքրքրում, բոլորի հոգսն իշխանության մասնաբաժիններն են, որոնք ստանալով՝ բոլորը դառնալու են Նիկոլ Փաշինյանի արդեն նաև ֆորմալ գործընկերները՝ իշխանության փայատերերը։
Բայց դա թվացյալ երազանք է բոլորի համար, քանի որ նրանք՝ տարված լինելով իշխանության համար պայքարով, չեն գիտակցում, որ Հայաստանի հետ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ու իրենց լռությամբ այսօր կատարվողից հետո, իրենք իրականում դառնալու են ոչ թե իշխանության փայատերեր, այլ լավագույն դեպքում՝ կառավարիչներ։
Իշխանության իրական փայատերերը լինելու են վերը թվարկված ու չթվարկված երկրները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Ռուսաստանը տիրապետում է իշխանության հսկիչ փաթեթին։
Հայաստանը հանվել է միջազգային աճուրդի, որում բոլոր լոտերն արդեն ունեն իրենց տերերը։
Հայաստանն աճուրդի հանելու հարցում հասարակության լայն զանգվածների անհաղորդությունը, իհարկե, որևէ արդարացում չունի։
Մյուս կողմից, սակայն, հասարակությունն՝ ինքնին չի կարող որևէ դիմադրություն ցույց տալ, եթե բոլոր էլիտաներն այս կամ այն չափով մասնակից են այդ աճուրդին ու հավակնում են ապագա անպետություն իշխանության կառավարիչների պաշտոնների։
Մեծ գործարքն արդեն կայացել է, և ըստ ամենայնի բոլորը գոհ են դրա արդյունքներից։
«Մնացածը վաճառվում է, Անաստված այս աշխարհում․․․»,- հայտնի երգում ասում է Արթուր Մեսչյանը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությանն առժամանակ ծառայած Մեսչյանն այդ մասին ուղղակի, շատ գեղեցիկ երգում է, Նիկոլ Փաշինյանն ապացուցում է դա գործով։
Հարություն Ավետիսյան