Նիկոլ Փաշինյանը և պետական շահերն անհամատեղելի հասկացություններ են․ Արմեն Գևորգյան

«Հայաստան» դաշինքի շտաբի պետ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երկու օր առաջ ծանուցագիր է ստացել ներկայանալու Հատուկ Քննչական ծառայություն, թե ինչ գործով՝ նա մանրամասնեց լրագրողների հետ զրույցում․

«Դեռևս անցյալ տարի ապրիլի 16-ին ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի կապակցությամբ, որտեղ ինչ-որ հանգամանքներ են նկարագրվում, և վերջում ասվում է, որ Արմեն Գևորգյանն այդ ամեն ինչի հետ առնչություն ունի,  մասնավորապես, որ իմ հարազատների, իմ բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ, և ես այդ ամեն ինչը լվացել եմ։

Բայց այն ժամանակ մեղադրանք չի առաջադրվել, որովհետև, կարծում եմ՝ նաև քննությունն է այն ժամանակ հասկացել, որ դա աբսուրդի ժանրից է եղել, բայց իրենք հաջորդ քայլն են արել, նաև այդ գույքերի վրա կալանք են դրել։ Մենք փորձել ենք մեր իրավունքները պաշտպանել և դիմել ենք դատական ատյանների։ Բոլոր դատական ատյաններում այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել է։

Հիմա՝ մարդ պետք է էլեմենտար, մի քիչ քթի ծակ ունենա այն առումով, որ հասկանա՝ երբ, քաղաքական ինչ պայմաններում և ինչ վիճակում՝ ինչ որոշումներ է կայացնում․ դուք պատկերացնո՞ւմ եք՝ սահմաններում տիրող իրավիճակի պարագայում, այս երկրում այս մարտահրավերները, իրենք որոշել են ինձ մեղադրանք առաջադրել, որպեսզի գույքերի վրա կալանք դնելը հիմնավորված լինի, ենթադրում եմ, և հավանաբար ինչ-որ խափանման միջոց ընտրեն, որով խաթարեն իմ գործունեությունը՝ որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ»։

Արմեն Գևորգյանը նշեց, որ հրաժարվել է որևէ գործ ունենալ Հատուկ Քննչական ծառայության հետ, քանի, որ, ըստ նրա՝ այդ կառույցը միայն քաղաքական պատվերներ է կատարում և քաղաքական գործեր է իրականացնում։ Նա նաև տեղեկացրեց՝ «Հայաստան» դաշինքի թե՛ մարզային կառույցների, թե՛ Երևանի գործընկերները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն՝ ինչ-որ անհասկանալի բացատրական աշխատանքների, անհասկանալի նյութերի նախապատրաստության, տարիներ քննվող քրգործերով պարզաբանումներ ստանալու և այլնի համար․

«Այսօր ակնհայտ է, որ մեր իշխանությունները, այսպես կոչված, ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մոտ ցանկությունը և վճռականությունը կոտրվի իրենց դեմ պայքարելու, բայց ես կարծում եմ՝ նմանատիպ օյինբազություններից միայն դա ամրապնդվում է։ Մեր դաշինքը շատ կազմակերպված է արդեն, աշխատանքները դրված են շատ ճիշտ ռելսերի վրա, ուստի անգամ այսպիսի բաներով հնարավոր չի լինելու խաթարել այդ գործընթացը։

Շատ եմ ցավում, որ այսօրվա այս վիճակում, այն կադրերը, որ ես նայում եմ, գիշերը չեմ կարողացել հանգիստ քնել, ոնց են վարվում մեր զինվորականների հետ, ՀՔԾ-ն այդ փաստերի փոխարեն՝ զբաղվում է անհասկանալի, ինչ-որ մահացած մարդկանց գույքերն ինձ վերագրելով»։

Նախկին փոխվարչապետը լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշեց, որ մեղադրանքին չի ծանոթացել և չի ծանոթանալու․ «Ինձ դա չի հետաքրքրում, դա ինչ-որ մակուլատուրա է։ Քանի որ ես հրաժարվել եմ որևէ ձևով իրենց հետ առնչվել, աշխատել, ես ՀՔԾ-ն որպես պետական մարմին այլևս չեմ ընդունում՝ այն քաղաքական պատվեր կատարող մարմին է․ իրենց հետ ի՞նչ քննարկեմ, այսինքն՝ խափանման միջո՞ց։

Բացի ամեն ինչից, դուք գիտեք, որ ես խափանման միջոց ունեմ արդեն, դատարանում քննվող գործով ես ստորագրության տակ եմ։ Հիմա՝ իրենց սարքած իրենց խաղի մեջ ես ցանկություն չունեմ խաղալու»։

Անդրադառնալով Սյունիքի միջադեպին, հետպատերազմական զարգացումներին, ստորագրված և դեռ ստորագրվելիք նոր փաստաթղթերին՝ Արմեն Գևորգյանն ասաց․ «Այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են և որոնք պատրաստ են ստորագրման, լեգիտիմ չեն․ դրանք մեր լեգիտիմ իրավական դաշտում գոյություն չունեցող փաստաթղթերի տեսակներ են։

Մենք չենք կարող պետական սահմանները որոշել ինչ-որ հայտարարություններով․ պետք է լինեն միջպետական պայմանագրեր, և ես կարծում եմ՝ բոլորը՝ և՛ քաղաքական ուժերը, և՛ իշխանությունները, պետք է դա հասկանան։

Հաջորդը՝ եթե այնտեղ կան ինչ-որ նախապայմաններ, այսօր քննարկվելիք և այլն, պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, այսինքն՝ ով, ում, ինչ պայման է դրել, որովհետև ես, օրինակ, տեղյակ չեմ այդ պայմաններից։ Մենք տեսել ենք փաստաթղթի մի հատվածը, որն արդեն անհանգստացնող է։

Պատկերացնո՞ւմ եք՝ նախընտրական փուլում գտնվող իշխանությունը պետականության համար վճռորոշ փաստաթուղթ է քննարկում մեր թշնամու հետ, ու մենք չգիտենք, թե դա ինչ փաստաթուղթ է ընդհանրապես»։

Դիտարկմանը, թե Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթը հարյուր տոկոսով համընկնում է ՀՀ պետական շահին, Ա․ Գևորգյանն արձագանքեց․ «Եկեք մի բան ֆիքսենք՝ Նիկոլ Փաշինյանը և պետական շահերն անհամատեղելի հասկացություններ են, առանց մեկնաբանությունների»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս