«Դատախազությունը արդեն իրեն լիազորություն է վերապահել Սահմանադրական դատարանի որոշումների գնահատման, մի հատ էլ քննադատման». Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Փաստորեն գլխավոր դատախազությունը որոշել է նոր իրավական աբսուրդի բարձունքներ նվաճել։ Դատախազությունը արդեն իրեն լիազորություն է վերապահել՝ Սահմանադրական դատարանի որոշումների գնահատման, մի հատ էլ քննադատման։ Կարծես թե նման վարքագիծ արդեն մի քանի ամիս է նույնիսկ դատարաններ շրջափակողները իրենց թույլ չէին տվել։

Կարծես թե պետք է Սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի պետական համակարգում ԲԱՐՁՐ դերի մասին գիտական հոդված փոխանցել դատախազներին։ Սահմանադրական դատարանը սովորական դատարան չէ, որ վերաքննիչ բողոքի բառերով ու տերմիններով գնահատական տաք։ Հարց է առաջանում, էլ ինչ պետք է լինի, որ դատախազությունը իր սահմանադրական կարգավիճակին հարիր վարքագիծ դրսևորի՝ ընդունի իր սխալը, հայցի ներողամտություն։

Պատկերացրեք դատախազությունը իրեն դիտարկում է Սահմանադրության նորմերը ՄԻԱԿ մեկնաբանելու լիազորություն ունեցող մարմնից ավելի <<գիտակ>>։ Դատախազությունը կարծես տեղյակ չէ, որ Սահմանադրական դատարանի մասին ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենքը պետք էր մանրամասն կարդալ մինչև ՍԴ դիմում ներկայացնելը։ Այս խայտառակ վարքագիծը հակասում է սահմանադրական մարմնին ներկայացվող պահանջներին և տարրական հարգանքի կանոններից շեղում է։

Առհասարակ 300․1-ի վերաբերյալ դատախազության վարքագիծը ոչ թե առնչվում է իրավունքի հետ, այլ ավելի շատ հիշեցնում է «Խաչագողի հիշատակարանը» վեպը․․․։

Հ․Գ․ ՍԴ-ի մասին խոսալու փոխարեն, թող նույն ոճով հայտարարեն ՀՀ տարածքային ամբողջականությունը թշնամու կողմից մինչ օրս խախտելու փաստի առթիվ քրեական գործով ԻՆՉ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎԵԼ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս