«Գուցե թերացել են՝ համապատասխան միջոցառումներ չձեռնարկելով, սակայն սա չի նշանակում, որ Ադրբեջանը պետք է նմանատիպ քայլեր անի». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի կարող մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրող գործակալներ կան։

Պատգամավորն ասում է, որ այդ հայտարարության հետ կապված կարող է տալ միայն քաղաքական գնահատական։

«Այո, ես էլ եմ գտնում, որ մեր հայրենակիցների շարքում կան մարդիկ, որոնք գուցե ոչ դիտավորյալ, բայց իրենց վարքագծով անում են գրեթե նույնը, ինչ կանեին հատուկ գործակալները։ Չգիտեմ` այդտեղ հանցակազմ կա՞, թե՞ ոչ, սա արդեն իմ որոշելիքը չէ։ Այս ամենն այնքան պարզ է, որ լրացուցիչ անուններ մեկ անգամ ևս տալով և մեկ կաթիլ յուղ լցնելով այս լարվածության վրա՝ նպատակահարմար չեմ գտնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, պատգամավորը նշեց, որ պատերազմից հետո հայկական կողմը նոր սահման է արձանագրել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հետևաբար՝ այդ սահմաններն անհրաժեշտ կահավորանքով կահավորված չեն եղել, գուցե նաև հնարավոր չի եղել նախորդ կարճ ժամանակահատվածում այդ հսկայական տարածքները կահավորել։

«Գուցե մենք թերացել են՝ համապատսխան միջոցառումներ չձեռնարկելով, սակայն սա չի նշանակում, որ Ադրբեջանն իրեն իրավունք պետք է վերապահի նմանատիպ քայլեր անելու, մենք երևի թերացել ենք, կամ երևի չենք հասցրել։ Այստեղ նաև ուրիշ խնդիր կա, ովքեր հիշում են, ես ասել եմ, որ ես չեմ համարում, որ պարտվել ենք, այլ սա ցավալի կորուստներով իրողություն էր, որը, շատ տարբերակներ կա վերականգնելու։ Իսկ Ադրբեջանի, մասնավորապես՝ Ալիևի կեցվածքը վկայում է այն մասին, որ իրենք այդ արդյունքներից գոհ չեն, սա պետք է արձանագրենք, որպեսզի մեր քայլերի մեջ ավելի հաստատակամ լինենք»,- շեշտեց նա։

Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող գործընթացների արդյունքում հայկական կողմը լիարժեք հնարավորություն ունի կորուստները հետ բերելու. խոսքը ԼՂԻՄ տարածքի մասին է։

Տեսանյութեր

Լրահոս