«Արցախում մի քանի միջադեպ գրանցվել է, որոնք ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կանխվել են, և թշնամին վերադարձել է ելման դիրք». Տիգրան Աբրահամյան
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է, որ իր տեղեկություններով՝ թշնամին առաջ է բերում իր դիրքերը տարբեր ուղղություններով:
«Ըստ իմ տեղեկությունների՝ ռուս խաղաղապահները կարողանում են ադրբեջանցիներին ուղարկել ելման դիրքեր: Նրանք մի քանի հարյուր մետր առաջ են գալիս, իսկ եթե մի քանի կմ առաջանան, ապա հասնելու են Ստեփանակերտ: Նրանք առաջանում են Շահումյանի կողմից, Մարտակերտի կողմից, կոնկրետ ուղղություն չկա, որտեղից ստացվում է, այնտեղից էլ առաջանում են»,- ասել է նա:
Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն ասաց.
«Այն, ինչ տեղի է ունենում Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ, Ադրբեջանը փորձելու է զարգացնել բոլոր այն ուղղություններով, որտեղ դրա հնարավորությունը ունենա: Արցախում մի քանի միջադեպ գրանցվել է, որոնք ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կանխվել են, և թշնամին վերադարձել է ելման դիրք: Ինչ վերաբերում է սահմանի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախում տեղի ունեցող հնարավոր դեպքերին, ապա խոսակցությունների ձևով լսել եմ, սակայն որևէ դեպքով, բնականաբար, հաստատում կամ հերքում չեմ կարող տալ հենց միայն այն պատճառով, որ ամբողջական տեղեկատվություն չունեմ: Ցավոք, պատկան մարմիններն այս առումով կորցրել են հանրության վստահությունը, և շատ դեպքերում նույնիսկ նրանց հերքումները հանրության համար բավարար չեն լինում:
Ամեն դեպքում, տրամաբանությունը հուշում է, որ նման դեպքերն իմաստ չունի թաքցնելու, որովհետև նախ՝ դա գործին որևէ ձևով չի օգնում, երկրորդ՝ դրանց հետ կապված պետք է տալ ոչ միայն պարզաբանումներ, այլ նաև օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել դրանք կանխելու և հետագայում նման սադրանքներ թույլ չտալու համար»: