ՌԴ-ում օպերշտաբը չի հաստատել Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման երկարացումը
Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբում չեն հաստատում ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարացվելու է մինչեւ հունիսի 30-ը։
Ավելի վաղ առանձին ԶԼՄ-ներ գրել են, որ օպերշտաբը որոշում է ընդունել Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարացնել մինչեւ հունիսի 30-ը: Բացի այդ, ԶԼՄ-ներում նաեւ հայտնվել է մի հաղորդագրություն, որ ավիաընկերություններն արդեն սկսել են այդ մասին նախազգուշացնել իրենց գործակալներին: Մասնավորապես, «ԱԷրոֆլոտ»-ն իր գործակալներին հաղորդել է օպերշտաբի որոշմամբ Թուրքիա թռիչքների դադարեցումը երկարացնելու մասին: Ինչպես հիշեցրել են «ԱԷրոֆլոտ»-ում, ավիատոմսերի եւ ծառայությունների համար, որոնք սկզբնապես ձեւակերպվել էին մինչեւ 2020 թվականի մայիսի 1-ը, պահպանվում է «ոչ դրամական վերադարձման եւ վերաձեւակերպման նախկին կարգը»:
Ավիացիոն ճյուղի աղբյուրը հաստատել է ավիաընկերությունից հեռագրի ստացումը: Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչդեւ հունիսի 1-ը սահմանափակել էր Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով, տուրօպերատորներին արգելվել էր այնտեղ ուղեգրեր վաճառել: Մայիսի 17-ին պատվիրակության հետ միասին Մոսկվա էր ժամանել Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյը՝ Ռուսաստանի իշխանությունների հետ ավիահաղորդակցության վերսկսման շուրջ բանակցություններ վարելու համար:
Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի աշխատակազմում հաղորդել են, թե հանդիպման արդյունքներով որոշում է ընդունվել, որ Ռուսաստանը մասնագետների կուղարկի Թուրքիա՝ առողջարաններում համաճարակաբանական անվտանգության հետ կապված իրադրությունը եւ ավիահաղորդարկության բացման հեռանկարները գնահատելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: