ԵԿՄ-ում եռուզեռ է․ ո՞ւր են ճանապարհում ԵԿՄ-ականներին

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Երկրապահ կամավորական միությունում (ԵԿՄ) համազգեստ և զենք են բաժանում՝ ավտոբուսներով ճանապարհելով սահման։ 168.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին ԵԿՄ շենքի առջև բազմաթիվ մեքենաներ են կանգնած, որոնք ՃՈ ուղեկցությամբ ուղևորվում են դեռևս անհայտ ուղղությամբ։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ՊՆ-ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին․ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 14-ին տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիներն Ակներ գյուղի վերևի հատված էին առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։

Տեսանյութեր

Լրահոս