«Ժառանգությունն» ապավինում է Գագիկ Ծառուկյանի աջակցությանը
Սահմանադրական դատարան դիմելու համար «Ժառանգություն» խմբակցությանն անհրաժեշտ է հավաքել 27 պատգամավորի ստորագրություն, այնինչ առայժմ միայն 13-ն է ստորագրել ձևաթուղթը: «Ժառանգության» նախաձեռնությունը պաշտպանել են Լյովա Խաչատրյանը` ԲՀԿ-ից, ՀԱԿ-ի վեց պատգամավորները` բացառությամբ արտերկիր բուժման մեկնած Ստեփան Դեմիրճյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Ժառանգության» հինգ պատգամավորները:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որը սահմանափակում է արտերկրում բնակվող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը: Մինչ ստորագրահավաքի նախաձեռնելը դեռ այս տարվա օգոստոսին էր «Ժառանգությունը» ԸՕ-ում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել, սակայն այն բացասական եզրակացության էր արժանացել կառավարության կողմից: ԱԺ աշնանային նստաշրջանում հարցն ընդգրկել ևս խմբակցությանը չհաջողվեց:
Հետաքրքրական է, որ ՍԴ դիմելու ձևաթուղթը ստորագրել են նաև «Ժառանգություն» խմբակցության դե յուրե անդամներ, բայց փաստացի այդ ուժի հետ կապերը խզած «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ԱԴ-ի համաձայնությունը նախկին գործընկերների նախաձեռնությանը, կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը պատասխանեց, թե կուսակցության պատգամավորների պահվածքի մեջ որևէ արտառոց բան չկա: «Բնական է, որ «Ազատ դեմոկրատները» պետք է միանար այդ ստորագրահավաքին՝ հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ Ալեքսանդր Արզումանյանը նշյալ նախագծի համահեղինակն է»,- 168.am-ին ասաց ԱԴ մամուլի խոսնակը:
Չնայած ԲՀԿ-ից մեկ պատգամավոր արդեն ստորագրել է նախաձեռնության տակ, ԲՀԿ-ն շարունակում է պնդել, թե խմբակցությունը վերջնական որոշում չի կայացրել, դեռ չեն կարողանում հասկանալ նման փոփոխության դրական և բացասական կողմերը: 168.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը նշեց, թե հարցն իրենց մոտ դեռ քննարկման փուլում է, այնպես որ, չի կարող խոսել դրա բացասական կամ դրական հետևանքների մասին:
«Հարցը դեռևս քննարկվում է, և ես որևէ վերջնական պատասխան տալ չեմ կարող: Քննարկման արդյունքում ձևավորված դիրքորոշման մասին անպայման տեղյակ կպահվի հանրությանը»,- ասաց ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը:
Մեր հարցին` հավանական համարո՞ւմ է արդյոք, որ ԲՀԿ-ն նախաձեռնությանը միանալու որոշում կկայացնի, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, թե ուրախ կլինեն, եթե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարողանա ապահովել անհրաժեշտ թվով ստորագրությունները: «Եթե Գագիկ Ծառուկյանը Բրյուսելից հայտարարում է , որ մարդու իրավունքները, արժանապատվությունն ինքը գերակա է համարում, ուրեմն թող կազմակերպի: Կասենք, որ Հայաստանում գոնե այսքանով օլիգարխները փորձում են պիտանի լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Ի տարբերություն ԲՀԿ-ի, որը փորձում է ժամանակ շահել և հարցի վերաբերյալ չի շտապում հայտնել իր դիրքորոշումը` ՀՅԴ-ն մերժել է «Ժառանգության» նախաձեռնությանը միանալու առաջարկը:
«Սահմանադրական դատարան դիմելու «Ժառանգության» առաջարկին այս պահին չենք միանում: Մեր կարծիքով, դա իրավունքի վեճ չէ, այլ քաղաքականության վեճ է, իսկ դա նշանակում է, որ տվյալ պահին դա իշխանություն ունեցող քաղաքական ուժի խնդիր է: Եթե մենք լինենք իշխանության, մենք միանշանակ տալու ենք այդ իրավունքը, բայց մյուս կողմից՝ մենք օրենքի տառին համապատասխան չենք կարող սա համարել իրավունքի վեճ: Հաշվի առնելով դա` ՀՅԴ-ն այս փուլում ձեռնպահ է մնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն չմիացավ նաև ՍԴ դիմելու` ՀԱԿ խմբակցության ստորագրահավաքին՝ հիմնավորելով, թե գերադասում է հարցն ԱԺ Էթիկայի հանձնաժողովի քննությանը հանձնել:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը բացարձակ համաձայն չէ ՀՅԴ-ի հիմնավորումների հետ: «Սա հենց իրավունքի հարց է, հայ ժողովրդի ներկայացուցիչների անօտարելի իրավունքը, անկախ նրանից՝ ՀՀ-ո՞ւմ, թե՞ նրա սահմաններից դուրս են գտնվում: Այդ հավաքական համոզմունքը ոչ մեկը չի կարող օտարել, և որևիցե մի քաղաքական ուժ այն իրավունք չունի շահարկելու»: