«Իշխանություններն ավելի լուրջ պետք է մոտենան յուրաքանչյուր ջրային ռեսուրսի․ Սև լիճը շատ է բարձրացնում այդ տարածքի նշանակությունը». Բնապահպան

Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ եկած թշնամին հասել է Սև լիճ։ Թեև իշխանության ներկայացուցիչները, ի դեմս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, լուսանկարվել էին Սև լճի տարածքում՝ հավաստիացնելով, թե այն հայկական զորքի հսկողության տակ է, այդուհանդերձ սյունեցիները փաստում են, որ թշնամին այն վերցրել է իր հսկողության տակ։ Ավելին՝ թշնամու առաջ գալուց հետո, Սիսիանում բնակչության շրջանում գրանցվեցին թունավորման դեպքեր, բնակիչները խոսակցություն էին շրջանառում, որ թշնամին թունավորել է Սև լիճը։

168.amի հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն անդրադառնալով Սև լճում թշնամու հայտնվելուն և այդ համատեքստում սպասվող խնդիրներին, նկատեց՝ սկզբունքորեն ջրային ռեսուրսները կարևորագույն նշանակություն ունեն յուրաքանչյուր երկրի, մասնավորապես, Հայաստանի համար՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմանները։

«Այդ առումով Սև լիճը, բացի նրանից, որ օգտագործվել է ոռոգման համար՝ ինչպես մեր բոլոր լճերը, նաև այդ ջուրն այնքան մաքուր է եղել, որ խմելու համար է  օգտագործվել։ Այս առումով ոչ մի դեպքում լիճը կորցնել չի կարելի։ Ինչ վերաբերում է  թունավորմանը, ապա դա քրեական հարց է, որ կարիք ունի ապացուցման»,- նշեց Կարինե Դանիելյանը։

Ըստ նրա, Սիսիանում, եթե Սև լիճն անցնի թշնամու հսկողության տակ, ջրային ռեսուրսի այլընտրանք տեղի բնակիչներն այդ հատվածում չունեն։

«Իշխանություններն այսօր շատ ավելի լուրջ պետք է մոտենան յուրաքանչյուր ջրային ռեսուրսի։ Թշնամու համար ՀՀ տարածքից ցանկացած մետր կարևոր է, սակայն ջրային ռեսուրսները, այս դեպքում՝ Սև լիճը, շատ է բարձրացնում այդ տարածքի  նշանակությունը, այն ուղղակի գանձ է»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորները ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Նշենք, որ Սև լիճը գտնվում է Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ 2658 մետր բարձրության վրա։ Լճի մակերեսը  մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մետր է։  Լճում բուծվում է  իշխան ձուկ, իսկ ջուրը հիմնականում օգտագործվում է ոռոգման նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս