«Իրենց համար Սիսիանն ավելի կարևոր է, քան նույնիսկ Մեղրին, այդպիսով՝ Հայաստանը բաժանում են երկու հատվածի և տիրում ամբողջ Սյունիքին». Աշոտ Մելքոնյան

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ 1920-30-ականներին, երբ տեղի են ունեցել սահմանային  վերաձևումներ, դրանք, որպես կանոն, տեղի են ունեցել ի վնաս Հայաստանի։ Մասնավորապես՝ Կապանի շրջանում 2,5 տասնյակ գյուղեր անցել են Ադրբեջանին, Վարդենիսի շրջանում՝ ևս։

«Նույնիսկ նման պայմաններում՝ 1920-30-ականան թվականներին, այդ վերաձևումների շրջանում Սև լճի հատվածը երբևէ չի պատկանել Ադրբեջանին, կրկնում եմ՝ երբևէ։ Լճի 1/3-ը՝ արևելյան հատվածը, ավելի ճիշտ՝ հարավ-արևելյան մի փոքր հատվածը տրվել է ադրբեջանցիներին, որպեսզի այդ ափում իրենց անասուններին ջրեն։ Իսկ լիճը 75-80 տոկոսով եղել է մեր ձեռքին, համոզված եմ, որ այդ քարտեզները պահվում են նաև Մոսկվայում։ Հետևաբար՝ այդ իմաստով Ադրբեջանը որևէ իրավական հենք չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ընտրել Սև լճի հատվածը․ ըստ պատմաբանի, Սիսիանի շրջանը Հայաստանի  ամենանեղ հատվածն է, մոտավորապես 27-29 կիլոմետր լայնություն ունի։

«Նրանք հենց այդ հատվածն են ընտրել, որպեսզի Իշխանասարի հատվածից անմիջապես հսկողության տակ են վերցնեն Գորիս-Երևան ճանապարհը և կարճ ճանապարհով դեպի Բիջանաղի լեռնանցք դուրս գալով, դուրս գան դեպի Նախիջևան։ Այսինքն՝ իրենց համար Սիսիանն ավելի կարևոր է, քան նույնիսկ Մեղրին։ Ինչո՞ւ, որովհետև եթե նրանք Մեղրիով ապահովեն այդ միջանցքը և դուրս գան, միշտ մեզ թվացել է, որ Մեղրին է, Մեղրին ընկնում է  բավական հարավ, իսկ իրենք Հայաստանի կենտրոնական հատվածով կտրելով ճանապարհը՝ Հայաստանը բաժանում են երկու հատվածի և դրանով ամբողջ Սյունիքին են տիրում։ Ահա թե ինչով է պայմանավորված թշնամու ուժերի կուտակումն այդ հատվածում և վերջին պրովոկացիները Սև լճի հատվածում՝ ամենակարճ ճանապարհով դեպի Նախիջևան դուրս գալու իմաստով»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։

Միաժամանակ նա նկատեց՝ պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ համաձայնագրի մեջ գրված է, որ պետք է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ՝ հաղորդակցության ճանապարհներով։ Այսինքն, եթե թշնամին պատկերացնում է, որ պետք է կապ ապահովեն Նախիջևանի հետ, դա չպետք է լինի միայն մեկ ճանապարհ, դա չպետք է լինի երկաթգիծը Մեղրիով, այլ պետք է լինի նաև ավտոխճուղի ոչ միայն Մեղրիով, այլև Սիսիանի տարածքով։

«Եթե հարավում 47 կիլոմետր լայնություն ունի ՀՀ տարածքը, ապա Սիսիանում 27-29 կմ է, և ճանապարհ կառուցելն էլ ավելի հեշտ է, Հայաստանը մասնատելու իմաստով՝ շատ ավելի հեշտ։ Սրանով է պայմանավորված թշնամու լկտի, ցինիկ պահվածքը»,- հավելեց նա։

Հարցին՝ այսինքն՝ Ադրբեջանը գնում է իր ասած «Մեղրիի միջանցքը» կյանքի կոչելու ճանապարհո՞վ, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց, որ թշնամին իր ծրագրերում ունի այդ նախագիծը, բայց ավելի շուտ շոշափում է ՀՀ դաշնակից Ռուսաստանի մոտեցումները, թե ինչպիսին կլինի նաև աշխարհի վերաբերմունքը։

«Փաստացի հիմա թշնամին փորձեր է կատարում՝ հասկանալու, թե ինչպիսին կլինի մեր, աշխարհի արձագանքը։ Եթե մարսեցին, կանեն հաջորդ քայլը։ Կարծում եմ՝ մեկընդմիշտ պետք է հակահարված տրվի Ադրբեջանին այս հարցում և փակվի խնդիրը, որովհետև նրա նպատակը նաև Արցախից ուշադրությունը դեպի ՀՀ սևեռելու համար է, որպեսզի մոռացության տրվի Արցախի խնդիրը։ Չպետք է մոռանալ նաև, որ այսօր Ադրբեջանի առաջնային խնդիրներից է նաև Կարմիր Շուկայով դեպի Շուշի ճանապարհի բացումը։ Այս դեպքում, եթե խոսվում է ապաշրջափակման մասին, կարծես դա իրենց չի վերաբերում։ Ադրբեջանը բնավ նպատակ չունի ապաշրջափակելու ճանապարհները, այդ ամենն իրենք օգտագործում են իրենց խնդիրներն առաջ տանելու համար։ Եթե այդքան ապաշրջափակման կողմնակից էին, ապա թող առաջին հերթին բացեին Իջևան-Ղազախ երկաթուղին, որն ամենակարճ ճանապարհն է դեպի արտաքին աշխարհ։ Թող սա բացեն, որպեսզի մեր մեջ համոզմունք լինի, որ Ադրբեջանն իբր ունի բարի ցանկություններ»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Տեսանյութեր

Լրահոս