Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 200-ը. ԶԼՄ-ներ
Իսրայելի հետ հակամարտության ընթացիկ սրման հետևանքով ավելի քան 200 պաղեստինցի է զոհվել, մոտ 5600-ը վիրավորում է ստացել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս տվյալները հաղորդում է պաղեստինյան աղբյուրը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:
Գերատեսչությունից մասնավորեցնում են, որ զոհերի թվում են ինչպես մայիսի 10-ից մեկնարկած ավիահարվածների հետևանքով մահացածներն, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափին տեղի ունեցող բախումների զոհերը: Ընդհանուր առմամբ, բռնության ալիքը 2020 պաղեստինցու կյանք է խլել, վիրավորների թիվը հասել է 5588:
«Գազայի հատվածում 181 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 52 երեխա և 31 կին, տուժել են 1225-ը, Արևմտյան ափին զոհերի թիվը հասել է 21-ի, տուժածներինը՝ 4363-ի»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Փոխադարձ ավիահարվածները Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև սկսվել են մայիսի 10-ին: Դրանք հաջորդել են Արևելյան Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած բախումներին, որոնք սկսվել են իսրայելական թաղամասում մի քանի արաբական ընտանիքների տները բռնագրավելու դատական որոշման պատճառով:
Իսրայելական կողմն ունի առնվազն 10 զոհ, 50 վիրավոր: Իսրայելական տարածքի ուղղությամբ Գազայից արձակվել է մոտ 3000 հրթիռ: Իսրայելական բանակը ևս հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել Գազայի ուղղությամբ: