«Փաշինյանն օրուգիշեր զբաղված է խեղկատակությամբ և սեփական անձը շոյելու փորձերով». Թեհմինա Վարդանյան

Թեհմինա Վարդանյանը դժվար և երկար մտածելուց հետո որոշել է անդամակցել «Հայրենիք» կուսակցությանը:

«Այնուամենայնիվ, ես վստահաբար եմ հանգել այդ որոշմանը: Եվ այո, երեկվանից ես արդեն իսկ «Հայրենիք» կուսակցության անդամ եմ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց նա:

«Հայրենիք» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ դաշինքով, որին ժամանակին քննադատում էր Թեհմինա Վարդանյանը:

Նա նշեց, որ իրենց չի կաշկանդում այն հանգամանքը, որ «Հայրենիք» կուսակցությունը դաշինք է կազմել ՀՀԿ-ի հետ. «Իրականում, այդ երկու կուսակցությունները լուրջ արժեքային համակարգ ունեն՝ երկրի զարգացման, կայունացման, պահպանողականության, ազգային արժեքների հետ կապված: Ինչ վերաբերում է նախկինում ՀՀԿ-ին քննադատելուն, ապա, այո՛, քննադատել եմ, այո՛, ցանկացած պարագայում պատրաստ եմ այսօր էլ քննադատել: Այսօր քննադատում եմ ներկայիս իշխանություններին, որոնք մի քանի անգամ ավելի վատ դրսևորումներ են ունենում թե՛ քաղաքականապես, թե՛ անձնային հարաբերություններում, թե՛ երկրի կամ քաղաքի կառավարման առումով: Ես կաշկանդված չեմ քննադատել և չեմ հերքում նախկինում ՀՀԿ-ին քննադատելու իմ թեզերը: Դա չի եղել անձնավորված, այսինքն՝ դա չի եղել քաղաքապետի անձով կամ երկրի ղեկավարով պայմանավորված, դա եղել է համակարգի թերությունների դեմ պայքար, որը ընդունում են նաև ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչները: Եվ կարծում եմ՝ ՀՀԿ-ն ևս այս երեք տարիների ընթացքում անցել է որոշակի քավության ճանապարհ, ինքնամաքրվել է, իրենք ևս վերագնահատել են իրենց նախկին աշխատելաոճը, նախկին կուսակիցներին, որոնք այսօր ամենևին ՀՀԿ-ի շարքերում չեն: Այսինքն՝ այդ կուսակցությունն ինքնամաքրվել է»:

Անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում տիրող իրավիճակին, Թեհմինա Վարդանյանը նշեց, որ յուրաքանչյուր գիտակից քաղաքացու համար դա կանխատեսելի էր.

«Ալիևը օրը մեջ մատ է թափ տալիս մեզ վրա, և այստեղից որևէ լուրջ արձագանք, բացի լիրիկական զեղումները և ղժղժան բանաստեղծությունները, մենք չենք տեսնում: Թշնամիներն անում են այն, ինչ իրենց  է հարմար: Մեր երկրի ղեկավարն օրուգիշեր զբաղված է խեղկատակությամբ և սեփական անձը շոյելու փորձերով, մանիպուլյացիաներով, «մեդիատեռորներով»: Մեր իշխանությունները զբաղված են էժանագին, մանիպուլյատիվ և մանկապարտեզի տարիքի երեխաների մակարդակի և գործելաոճի մանր-մունր խնդիրներով: Մենք վաղուց պարզել ենք, որ մենք դե ֆակտո չունենք իշխանություն, որ դե ֆակտո չունենք կառավարություն, և վաղուց պարզել ենք, որ առհասարակ, չենք էլ ունեցել լուրջ, խոհեմ որևէ ղեկավար, որն իր ոլորտը առաջ է տարել, բացի մարդու իրավունքների պաշտպանից: Պարոն Թաթոյանն այսօր միակ պաշտոնյան է, որը միջազգային հարթակներում պայքարում է հանուն երկրի իրավունքների, հանուն Հայաստանի Հանրապետության: Բացի էժանագին ստատուսներից և ընդդիմադիր դաշտի վրա փողոցային մակարդակի հարձակումներից, ես որևէ այլ բան այս իշխանությունների կողմից չեմ տեսնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս