«Կարծում եմ՝ Փաշինյանն ունի «փաթեթային» լուծման պայմանավորվածություն»․ Արթուր Խաչատրյան

Մայիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններ է իրականացրել. ադրբեջանական զորքը կարողացել է 3.5 կմ ներթափանցել Սյունիքի խորքն ու իր վերահսկողության տակ վերցնել Սև լիճը։ Այսօր արդեն ադրբեջանական զինված ուժերը հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել արդեն Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ադրեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ սանձազերծված լարվածության մասին, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը նշեց, որ սա արդյունք է, որ Հայաստանում չկա իշխանություն, ինչի բացակայությունից էլ անարգել օգտվում է հակառակորդ պետությունը։

«Հայաստանում երեկվանից տեղի ունեցածը սկսվել է շատ ավելի շուտ։ Հարց է առաջանում, թե էլ ի՞նչ համաձայնության է եկել Փաշինյանն իր ադեկվատ բարեկամ Ալիևի հետ։ Նա խոսում էր բանավոր համաձայնությունների մասին, որի արդյունքում ադրբեջանցիները եկան Սոթք, հետո հասան Կապանի ճանապարհին, հիմա մտել են Սյունիք։ Սա արդյունք է, որ մենք չունենք Կառավարություն, չունենք նախագահ, որովհետև եթե նախագահ ունենայինք, նա երեկվանից պետք է լիներ Սյունիքի սարերում։ Ունենք, թերևս, Ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն, որը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, ու դրա հետևանքով է նաև, որ 3.5 կմ ադրբեջանցի զինվորները մտնում են Հայաստանից ներս։ Վստահ եմ, որ Ալիևը նոյեմբերի 9-ի գիշերվանից հետո Փաշինյանին պարտավորեցրել է հավելյալ պարտավորություններ ստանձնել և հանձնել ոչ միայն Սյունիքը, այլ նաև տարածքներ Գեղարքունիքի, Տավուշի մարզերից, և վերադառնալ սովետական քարտեզներին»,- ասաց Խաչատրյանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ պետք է անել այնպես, որ Հայաստանի տարածք մտած ադրբեջանցիները ինչպես եկել են, այնպես էլ ետ գնան, Արթուր Խաչատրյանը պատասխանեց.

«Հայաստանի տարածք մտած ադրբեջանցիներին պետք էր վերցնել շրջափակման մեջ, փոխանակել մեր գերիների հետ, իսկ եթե դա հնարավոր չէր, ապա նրանց պետք էր ոչնչացնել, որպեսզի ադրբեջանցիների մտքով այլևս չանցներ նորից մտնել Հայաստանի տարածք։ Չարեցին, որովհետև Փաշինյանը համաձայնություն ունի Ալիևի հետ։ Մենք այդ խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո գերիներ ենք թողել Ադրբեջանին, ես իրավունք ունեմ մտածելու, որ ՀՀ Կառավարությունը շահագրգռված է, որ Հին Թաղերից ու Խծաբերդից գերի ընկածները չվերադառնան, որպեսզի չպատմեն, թե իրենք ինչպե՞ս են հայտնվել գերության մեջ, և ինչո՞ւ հայկական կողմը զորքի էվակուացիա չի արել։ Եկեք հիշենք, որ մեզ մեղադրել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ասելով, որ գերիների հարցը չի լուծվում, որովհետև հայկական կողմը ցուցակները չի ճշգրտում։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ համաձայնություն ունի Փաշինյանը Ալիևի հետ։ Չեմ զարմանա, որ ադրբեջանցիները հիշեն հիմա Քյարքիի մասին, հիշեն այլ անկլավների մասին ևս։ Մյուս կողմից, եթե 2020 թվականին Տավուշում ադրբեջանցի սահմանախախտների պատճառով մի շոու սարքեցին, տասնյակ մարդկանց «Մարտական խաչեր» շնորհեցին, հիմա ինչո՞ւ Իշխանասարը «Անվախ դիրքի» նման չեն պաշտպանում»։

Հարցին՝ հնարավոր է, որ Իշխանասարը հավուր պատշաճի չեն պաշտպանում, որովհետև Սյունիքի սահմանային լարվածությունը կարող է պայմանավորվածության հետևանք լինել, Խաչատրյանը պատասխանեց

«Վստահ եմ, որ կա պայմանագրի սևագիր տարբերակ՝ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանների հետ կապված։ Վստահ եմ, Նիկոլ Փաշինյանը նաև թուրքերի հետ է գնում փաթեթեային լուծման, որի արդյունքում, թեև Հայաստան այլևս չի լինի, սակայն նրանք կերաշխավորեն Փաշինյանի հետագա պաշտոնավարումը»։

Արթուր Խաչատրյանը նաև նկատեց, որ Իշխանասարը Սյունիքի ամենանեղ հատվածն է, և ճնշում բանեցնելու դեպքում և՛ Նախիջևանի հատվածից, և՛ Ադրբեջանի կողմից հնարավոր է նեղ վիճակի մեջ մեզ դնել ու Սյունիքը կտրել Հայաստանից։

«Սյունիքը կտրում են Հայաստանից ոչ միայն Շուռնուխի հատվածով, այլ նաև այս կողմով։ Սովետական քարտեզներով Սև լճի մի հատվածը՝ 30 տոկոսը, տրվել է ժամանակին Ադրբեջանին, հիմա Ադրբեջանը կարողանում է ամբողջը վերցնել, որովհետև ջախջախել է Փաշինյանին, իսկ ջախջախված մարդուց ամեն ինչ կարելի է ուզել»,- ասաց Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանը խոսեց նաև Սյունիքում սահմանային լարվածության պլանավորվածության հավանականության մասին՝ չբացառելով, որ Փաշինյանն այս ամենից հետո կարող է երկրում մտցնել ռազմական դրություն՝ այդ կերպ չեղարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

«Սա շատ հավանական սցենար է. կարող է դարձյալ մարտակոչ անել, Նոր Սարդարապատի մասին հայտարարել ու ասել, թե՝ թուրքերին հաղթենք ու նոր ընտրություն կանենք, թեև ակնհայտ է, որ ինքը պետք է չլինի, որ մենք թուրքերին հաղթենք։ Այո՛, կարող է ընտրությունները չեղարկել, ընդդիմադիր լիդերների նկատմամբ ծավալել քրեական հետապնդումներ, որից հետո՝ Դավիթ Սանասարյան, Արման Բաբաջանյան ու այդ տեսակների հետ գնալ ընտրությունների։ Կա նաև մյուս տաբերակը՝ գուցե հայտարարի, որ լարվածությունը մեծ է, ու պետք է Սյունիքն էլ տանք, Սոթքն էլ տանք, տանք, որ ինքը կարողանա մնալ»,- ընդգծեց ՀՅԴ ԳՄ անդամը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս