Բաժիններ՝

 Մասնագետը՝ պատվաստանյութերի, շարժական կայանների ու փակ տարածքում դիմակ կրելու անհրաժեշտության մասին

Հայ հասարակությունը կարծես թե սկսել է մոռանալ կորոնավիրուսի համաճարակի մասին: Հատկապես հասարակական տրանսպորտում աննախանձելի  իրավիճակ է:  Բացի այն, որ 20 հոգու փոխարեն՝ 45 հոգի է ավտոբուսներում, մի բան էլ 90 տոկոսը դիմակ չի կրում: Այնինչ, եթե անգամ պատվաստված լինեն, ինչն այս պահի դրությամբ խիստ կասկածելի է, պարտավոր են դիմակ կրել, քանի որ մասնագետների փոխանցմամբ՝ հակամարմիններն անմիջապես չեն արտադրվում։ Հակամարմիններ ունենում են 3-րդ շաբաթից սկսած։ «AstraZeneca»-ի 2-րդ դեղաչափից 14 օր հետո նոր կարելի է առանց դիմակի փոքր խմբերում շփվել, իսկ «Sputnik-V»-ի 2-րդ դեղաչափից հետո՝ 21 օր անց։

«Փակ տարածքներում դիմակ կրելն անհրաժեշտ է, որովհետև իրականում նվազեցնում է հիվանդության տարածման ռիսկը: Սրան զուգահեռ՝ պետք է հետևել հակահամաճարակային մյուս կանոններին՝ պահել 1.5 մետր հեռավորություն, հաճախ լվանալ ձեռքերը»,- մեզ հետ զրույցում ասաց Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Խոսելով պատվաստանյութերի, դրանց արդյունավետության և հասարակության վախերի մասին՝ Դավիթ Մելիք-Նուբարյանը վստահեցրեց՝ մարդիկ կարող են հանգիստ ցանկացած պատվաստանյութ ընտրել:

«Պատվաստանյութերի տարբերությունն այնքան նեղ մասնագիտական է, որ եթե մարդիկ չունեն համապատասխան բժշկական  գիտելիքներ, որ սկսեն խորանալ՝ խառնելու են: Կանոնը շատ պարզ է. եթե պետություններում այս կամ այն դեղը, պատվաստանյութը գրանցվել է և թույլատրվել է դրա կիրառումը, ուրեմն այն համապատասխանում է անվտանգության կանոններին: Ես միշտ զուգահեռ եմ տանում օդանավի հետ: Կապ չունի, չէ՞, թե քանի տարվա է, նստում ենք ու չենք հարցնում, թե որ թվի օդանավ է, քանի որ, եթե գրանցված է ու թույլատրված է թռիչքի,  անպայման համապատասխանում է անվտանգության սահմանված կանոններին: Նույնը՝ պատվաստանյութերի դեպքում: Հայաստանում առկա երեք պատվաստանյութերն էլ վեկտորային են, այդ տեխնոլոգիան տասնյակ տարիներ կիրառվում է, և ոչ մի հեղափոխական նորարարություն չկա: Ըստ ուղեցույցների կարող են կիրառվել»,- մանրամասնեց հանրային առողջության մասնագետը:

Հարցին, տարածված կարծիք կա, որ եթե վարակվել են կորոնավիրուսով, կարող են չպատվաստվել, արդյո՞ք տեղին է այս ինքնավստահությունը, Դավիթ Մելիք-Նուբարյանը պատասխանեց. «Չէ, չկա նման բան, որովհետև վարակվելուց ձևավորվում է բնական իմունիտետ, որի տևողությունն առայժմ չգիտենք, թե ինչքան կարող է լինել, բայց ցմահ չէ:  Առավելագույնը մինչև մեկ տարի կարող է լինել: Այսինքն, այն մարդիկ, ովքեր վարակվել էին առաջին ալիքի ժամանակ, արդեն վտանգի գոտում են ու իրենց իմունիտետին պատվաստանյութի խթանիչ ներարկում է պետք, որ իմունիտետը նորից բարձրանա իր ցուցանիշներին և պաշտպանի մարդուն: Երկրորդ պատճառն այն է, որ վիրուսը մուտացիաների է ենթարկվում, և այդ պատվաստանյութերը նաև միտված են մեզ պաշտպանել մուտացիաներից, իսկ մեր բնական իմունիտետն ավելի թույլ կարող է պաշտպանել: Եվ երրորդ՝ հակամարմինների քանակը պարբերաբար իջնում է, անընդհատ պետք է մարդը գնա թեստ հանձնի, ինչը տեխնիկապես անարդյունավետ է, չհիմնավորված գործողություն: Ամիսը մեկ գնաս, հակամարմին հանձնես, որ ի՞նչ»:

Անդրադառնալով հարցին, թե պատվաստվելուց հետո քանի՞ ամիս հնարավոր կլինի խուսափել վարակվելուց, հանրային առողջության մասնագետն ասաց, որ պատվաստանյութը ստեղծողները կարծում են, որ մինչև մեկ տարի կպաշտպանի մարդուն:

Իսկ պատվաստվելուց հետո հնարավոր է՝ լինի  մկանային ցավ, որոշակի ցավ ներարկման վայրում, թույլ արտահայտված ջերմության բարձրացում, ինչը բնական է:

Խոսելով պատվաստվելուց առաջ նախապես հետազոտվելու մասին, Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ դա այնքան էլ կարևոր չէ, հակացուցումներն ամեն պատվաստանյութի դեպքում նշվում են, և եթե տարբեր օրգան-համակարգերի ծանր անբավարարություններ են լինում, նոր հարցը կարող է քննարկվել:

«Պատվաստումից առաջ նվազագույն հետազոտություններ են անցնում, չափվում է ջերմությունը, ճնշումը, հարցնում են՝ անձը որոշակի հիվանդություններով տառապո՞ւմ է, թե՞ չէ: Աշխարհի մակարդակով ապացուցված է, որ նվազագույն հարցումը բավարար է պատվաստելու վերաբերյալ տեղում որոշում կայացնելու համար: Որևէ բարդ բաներ անհրաժեշտ չեն, հիմնականում պատվաստանյութերն անվտանգ են»,- նկատեց հանրային առողջության մասնագետը:

Ինչ վերաբերում է դժգոհություններին՝ կապված պատվաստումային շարժական կայանների հետ, Դավիթ Մելիք-Նուբարյանը ընդգծեց.

«Սա հայկական նորարարություն չէ, վաղուց ամբողջ աշխարհում կիրառվող մոտեցում է, որ հնարավորինս մարդկանց համար հասանելի դարձնեն: Օրինակ, ԱՄՆ-ում տարբեր տեղերում դա արվում է, որովհետև պատվաստանյութը, որպես միջամտություն, հիմնականում անվտանգ է, ինչ-որ հատուկ հիվանդանոցային պայմաններ չի պահանջում: Սա նորմալ երևույթ է, որ հնարավորինս շատ մարդ պատվաստվի իրեն հարմար, հասանելի վայրում»:

Հավելենք, որ մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան էր ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24.000 դեղաչափ: Իսկ ապրիլի 8-ին ներկրվել էր «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15․000 դեղաչափ՝ 7500 անձի համար։ Մայիսի 12-ի գիշերը Հայաստանը ստացավ 14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութ։ Մայիսի 1-ին էլ Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին որպես նվիրատվություն տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս