«Սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին». Գնել Սանոսյանը՝ Վերին Շորժայի ուղղությամբ թշնամու առաջ գալու մասին

«Սահմանագծի փոփոխությունից հետո կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները շատ բարդ են, և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել»,- կառավարության նիստից հետո լրագրողներրի հետ ճեպազրույցում, անդրադառնալով Վարդենիսի տարածքում ադրբեջանցիների առաջխաղացմանը, ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ապա հավելեց, որ հիմա եղանակային պայմանները փոխվել են և տեղակայման գործընթաց են իրականացնում, և որ հայկական Զինված ուժերը հետևում են, որպեսզի ադրբեջանցիներն իրենց տեղակայման վայրերից առաջ չգան:

«Ընդամենը 1-2 տեղ լանջով սահմանագիծ կար, որը, մերոնք պնդում էին, որ այդ հատվածում չի, մի քիչ պետք է հետ նստեին, որն ընթացքում կարգավորվեց: Սահմանագծով նստել են իրենք էլ, մերոնք էլ, բացարձակապես լարվածություն չկա: Ես երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ հենց այդ հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, մեր Զինված ուժերը ներկա են, աշխատում են, քարտեզները կան: Սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ընդամենը որոշ հատվածներում ռելիեֆի բարդությունից ելնելով՝ մնացել էր…»:

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքին, Գնել Սանոսյանն ասաց, որ հանքն այս պահին աշխատում է, և որ մոտ 280 աշխատող կրճատվել են:

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ թշնամին 3 կմ առաջ էր եկել նաև Վարդենիսում՝ դեպի Վերին Շորժա գյուղ, և խրամատներ են փորում:

Տեսանյութեր

Լրահոս