Օրենքով թույլատրվելու է նույն սեռի 3 երեխա ունեցող զույգերին պլանավորել 4-րդի սեռը
Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում:
Հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը նշեց, որ գործող օրենքով կան մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են անպտղությամբ տառապող բազմաթիվ զույգերին հասնել երեխա ունենալու իրենց երազանքին:
«Օրենքի փոփոխությամբ վերացվում են որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, գործող օրենքով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող զույգերից մեկը պետք է լինի երեխայի կենսաբանական ծնողը: Նոր փոփոխությամբ այս սահմանափակումը վերացվում է, որովհետև կան ընտանիքներ, որոնք չունեն առողջ սեռաբջիջներ: Օրենքի փոփոխությամբ, եթե կինն ունի առողջ արգանդ, ապա կարող է դիմել դոնորական սերմի և դոնորական ձվաբջջի միջոցով հղիանալու ծառայությունից օգտվելու համար»,- ասաց Նունե Փաշայանը:
Հաջորդ փոփոխության համաձայն, օրենքով նախատեսվում է թույլատրել նույն սեռի 3 երեխա ունեցող զույգերին, օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության դիմելիս, պլանավորել 4-րդ երեխայի սեռը՝ լինի աղջիկ, թե տղա: Սա, ըստ Նունե Փաշայանի, ուղղված է ընտանիքի բալանսավորմանը:
Նունե Փաշայանի խոսքով, մեկ այլ կարևոր փոփոխություն է առաջարկվում: Երբեմն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող ընտանիքների մոտ ստացվում են ավելի շատ սաղմեր, քան նրանց անհրաժեշտ է: Դրանք կամ պահպանվում են տարիներ շարունակ կամ թափոնացվում են: Օրենքով նախատեսվում է այս ընտանիքներին հնարավորություն տալ նվիրաբերել սաղմերն այն զույգերին, որոնք դրանց կարիքն ունեն
«Առաջարկվող փոփոխությամբ, սահմանափակվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող կանանց տարիքը: Գործող օրենքում այս մասով որևէ սահմանափակում չկա, այսինքն՝ ցանկացած տարիքի կին կարող էր դիմել այդ ծառայություններից օգտվելու համար: Մենք հիմա առաջարկում ենք տարիքային սահմանափակում դնել՝ սահմանելով մինչև 53 տարեկանը: Մենք դիմել ենք այդ քայլին՝ ելնելով կնոջ առողջությանը սպառնացող վտանգներից»,-ասաց Նունե Փաշայանը:
«Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, կարևորելով այս փոփոխությունները, նշեց, որ վաղուց էին սպասում դրանց:
«Իսկապես նման փոփոխությունների կարիքը կա: Երբ գալիս է զույգը, և թե կինը, թե տղամարդն ունենում են խնդիրներ ու նրանք ի վիճակի չեն երեխա ունենալու, մենք հնարավորություն չունենք իրենց օգնելու: Անհեթեթ իրավիճակ էր ստեղծվում, երբ մենք այլ զույգերից ունենք պատրաստի սաղմիկներ, սակայն օրենքը թույլ չի տալիս այն տալ անպտուղ զույգերին»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը: Նա ընդգծեց, որ այս օրենքների փաթեթն ուղղված է նրան, որ հասարակության մեջ ավելի շատ երեխաներ ծնվեն: Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որ պտղաբերության ինդեքսը Հայաստանում աճի: Այսօր պտղաբերության ցուցանիշը 1.6 է, ինչը շատ քիչ է: Այն առնվազն երկուսից ավելին պետք է լինի: Միայնակ կանանց նույնպես հնարավորություն է տրվում դիմել այս ծառայությունների համար: Եթե կինը չունի զուգընկեր, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարող կենսաբանական ծնող դառնալ, ապա օրենքը հնարավորություն է տալիս հասանելի դարձնել այլ զույգերի կողմից նվիրաբերված սաղմիկները: Ըստ Էդուարդ Համբարձումյանի՝ իրենց փորձը ցույց է տալիս, որ նման փոփոխությունների պահանջարկը շատ է: